Friday, November 25, 2016

Գլուխ ԲԱ. Կորած քարտեզը

Մաս Բ. Չարքեր, ռոբոտներ եւ խառը վիճակներ


Կարդալ Մաս Ա․ Տխուր վամպիրների էլեգիա


Գլուխ ԲԱ. Կորած քարտեզը 

Նոյեմբերի 6, 2015 թ․, կեսօր

- Տես, փոքրիկ Արմաննն ա եկել մեր մոտ

Մութ գրասենյակում նստած էին երկու հոգի: Կին եւ տղամարդ: Շատ ծեր կին եւ երիտասարդ տղամարդ: Կինը Տարոյի քարտեր էր բացում իր առջեւ սեղանի վրա: Տղամարդը, ոտքերը սեղանին, մտած էր հեռախոսի մեջ: Կարծես, խաղ էր խաղում ու ցանկություն չուներ Արմանին նայելու: Պարզապես թեթեւ գլխով արեց՝ հայացքը էկրանից չկտրելով: Իսկ կինը կտրվեց քարտերից։

- Արի, բալիկ ջան, հոգնած կլնես, նստի, շունչ քաշի: Մի բան կխմե՞ս:

Արմանը խառնվեց, ուսերով աննպատակ ու անհասկանալի թափ տվեց։

- Ամբրոսիա, նեկտար, սոմա: Թարմ հաոմա ունենք: Ամեն մեկին չեմ տալիս, նայի հա։

- Չէ, մերսի: Հետո սենց լավության տակից դուրս չեմ գա:

- Դե դու գիտես, փոքրիկ Արման:  

Բոլորը լռեցին մի քանի րոպե։ Կինը շարունակում էր նորից քարտերով զբաղվել, տղամարդը այքան անշարժ էր, որ կարծես, քնել էր։ Արմանը իֆրիտի թզբեխով էր խաղում, փորձում էր անհարմար վիճակից դուրս գալ հանգիստ դեմքի արտահայտությունով։

Մի քանի րոպե հետո Տառոյի քարտերը պառկեցին վերջնական դիրքում։ Կինը խորը շունչ քաշեց ու շուռ եկավ դեպի Արմանը․

֊ Դե պատմի։

Արմանը թաքուն աչք քցեց սեղանին․ Հիմարը, Աշտարակը, Լուսինը։

֊ Մորքուր, վատ բաներ են կատարվում։ Ով ում հասցնում, գողանում, փախցնում ա: Սողոմոնին են արեւանգել։ Ինչ֊որ աննպատակ դերվիշներ լեշերին են գողանում։ Բոլորը վազվզում են աջ ու ձախ... Եթե կարճ եզրափակեմ. քաղաքում անհասկանալի վզվզնյակներ են։

֊ Մենք դա լավ գիտենք, չէ՞, ապերիկ։

Ապերիկը շարունակում էր հեռախոսով խաղալ եւ միայն ձախ ունքով հաստատեց իմացության փաստը։

֊ Բա հիմա ես ի՞նչ անեմ, մորքուր։

֊ Հիմա գնա տուն։ Կամ գործի։ Էդ դու գիտես։ Ես լավ չեմ հիշում, հիմա առավոտ ա, թե գիշեր․․․ Մենք քեզ հետո կկանչենք, երբ պետք լինի։ Անպայման, չվախենաս, խաղից դուրս չես մնա:


֊ Փաստորեն, ես բան չունեմ անելու, նստեմ, սպասեմ՝ բախտ, թաղթ, սենց աննպատակ բաներ․․․

֊ Չէ, փոքրիկ Արման, դու շատ բան ունես անելու։ Էդ մենք քեզ դեռ բան չունենք ասելու։ Ավելի շուտ, դու դեռ դեղնակտուց ճուտիկ ես, բան չես հասկանա: Բայց դու աշխատի, աշխատի, էսօր աշխատողները քիչ են, բոլորը մենակ խոսալ են սիրում։ Չէ՞, ապերիկ։

Ապերիկը լուռ գլխով համաձայնեց։

֊ Թե բան եմ հասկանում, ինձ կոչեք Իշմայել։  

֊ Դու դեռ չպետք ա հասկանաս, դու դեռ շատ փոքրիկն ես։ Բայց, կարող ես գնալ, մի քանի բարի գործ անել․․․

֊Օրինա՛կ, մորքուր, օրինա՛կ։

֊ Օրինակ, գնա, պարզի, թե ո՞վ է վերջերս քաղաքապետարանում թույլտվություններ տալիս նկուղներում փաբեր բացել։ Վերջերս մի քանի չաշխատող փաբ ա բացվել։ Զարմանալի բան ա, չէ՞։ Գնաս ու չաշխատող փաբ բացես։ Աշխատողի փոխարենը։ Չէ՞, ապերիկ։ Կամ, հակառակը, աշխատողներն են փակվում: Ու, կարող ա, փաբերը չեն, այլ խանութներն են: Արդեն չեմ հիշում:

Ապերիկը հեռախոսը դրեց սեղանին, դանդաղ ուղղվեծ բազկաթոռի մեջ եւ երկար անշարժ հայացքով նայեց Արմանին։ Ու մեկ էլ անսպասելի սկսեց խոսել․

֊ Դու քրոջս քիչ լսի։ Տարիքից խելքը քցել ա։ Սողոմոնի տանը քարտեզ կար։ Քարտեզը գտի։ Սողոմոնին ման գալ պետք չի, էդ բջոտ բիձեն ինքն իրա գլխի ճարը կտեսնի։ Քարտեզը գտի։ Իսկ հիմա գնա, չե՞ս տեսնում, զբաղված ենք, լիքը գործ կա։ Գնա:

Տղամարդը կրկին քթով մտավ հեռախոսի մեջ։ Իսկ կինը արդեն շուտվանից էր մոռացել Արմանի մասին՝ էլի Տարո էր բացում։ Արմանը դանդաղ, մեջքով դուրս եկավ, կամաց դուռը փակեց ու շուտ լքեց հարկը։

Շուտով նա կրկին Սողոմոնի տանն էր։ Բնականաբար, ոչ մի քարտեզ էլ չգտավ, չնայած, որ մի ժամից ավել փորփրեց ողջ տունը։ Ուրիշ ինչ ասես չգտնվեց. Էլ հին, ճմռթած ջազվեներ, էլ թզբեխներ, որոնց մի մասը, Արմանը գրեթե համոզված էր, մարդկային ոսկորներից էին շարած, արաբերեն անհասկանալի մագաղաթներ… Բայց քարտեզ չկար։ Կամ անհայտ չարագործներն էին Սողոմոն աղայի հետ տարել։ Կամ Սողոմոնն էր պահել, ուրիշին տվել, այրել, կերել ու այսպես շարունակ։

«Ինչ անենք, ոնց անենք, ոնց անենք, ում անենք, երբ, որտեղ․․․» Արմանը չգիտեր հաջորդ քայլը։ Իսկ երբ չգիտես ինչ անես, պետք է նստես թաղթին ու սպասես, թե ինչ կկատարվի։ Թաղթ Սողոմոնի տանը չկար, նենց որ Արմանը հարմարվեց բարձերի մնացորդների վրա, մտավ ուսապարկը, երկար քչփորեց ու միջից հանեց «Երեւանի խաչմերուկների հեքիաթները»: Բացեց երկրորդ գլուխը ու խորասուզվեց։ «Սայաթ֊Նովա ֊ Խանջյան Խաչմերուկ։ Արեւածագ»:
Վերնագրի տակը գրիչով ավելացված էր.

մայիսի 25-ին

Լինում է, չի լինում, Մարգոն է լինում։ Մարգոն սովորում է համալսարանում, կենսաքիմիկոս է ուզում դառնալ։ Երբ գալիս է գարունը, Մարգոն սկսում է ոտքով գնալ համալսարան: Առավոտ շատ շուտ է տնից դուրս գալիս, մինչեւ արեւածագը: Եվ դանդաղ, ոտքով ամեն օր անցնում է երկար ճանապարհը՝ լսելով արթնացող քաղաքի ձայները:

Մի բուրավետ գարնանային երեքշաբթի Մարգոն քայլում էր դեպի համալսարան: Արեւը դեռ նոր էր աշխարհ գալիս, շենքերի հետեւից չէր էլ հասցրել հայտնվել: Փաղոցում մարդիկ եւ մեքենաները քիչ էին, մի կես ժամից նոր քաղաքը լիաթոք կշնչեր: Մարգոն Սայաթ Նովայով հասավ Խանջյանի խաչմերուկին եւ սպասում էր կանաչ լույսին: Չնայած՝ մեքենա չկար, նա սպասում էր, հավեսով նայում էր շախմատի տան վրայի պատկերներին: Մեկ էլ իրեն մոտեցավ մի կին ու թեւը քաշեց:

-Աղջիկ ջան, կարո՞ղ է ինձ մի կտոր հաց տաս:

- Տատի ջան, կտայի, բայց չունեմ: Արի կլինի ձեզ դրամով տամ, ինքդ առ: Հեսա, - Մարգոն հանեց դրամապանակը, միջից դուրս եկան երկու մետաղադրամ. Մի հատ երկու հարյուր, մի հատ հինգ հարյուր դրամանոց կլորակ: - Ահա, - Մարգոն մեկնեց հինգ հարյուր դրամանոցը կնոջը:

Կինը լուռ տարավ դեպի գրպանը դրամը: Վերցրեց աղջկան թեւի տակ եւ թեթեւ բրբրդելով անցկացրեց փողոցը: Մյուս մայթին ծեր կինը բռնեց Մարգոյին արմունկից: Այսպես նրանք կանգնած էին մի քանի րոպե. լուռ ու անշարժ: Մարգոյի գլուխը համոզված էր, որ նա հիմա պետք է ահավոր վախեցած լինի, ճչա եւ օգնություն կանչի: Առավելեւս, որ քիչ հեռու ոստիակնի մեքենա էր կանգնած: Սակայն Մարգոյի սիրտը հանգիստ էր, այնքան դանդաղ ու աննկատ էր բաբախում, կարծես նա դեռ քնած է:

Մեկ էլ կինը սկսեց խոսել.

- Առաջ լինում էր, ինձ մետաղադրամներ էին նվիրում: Պարզապես նետում էին: Այ հենց ստեղից, որտեղ կանգնած ենք հիմա: Ավելի շատ սովետի կոպեկներ, քան հիմիկվա դրամները: Սրանց չհասցրեցի էլ նորմալ սովորել… Դու ինձ մի նայի, որ ես սենց խեղճն եմ հիմա: Ես գիտես ինչն էի: Հե՜յ, հե՜յ: Որ ջղայնանում էի, ափերիցս նենց էի դուրս գալիս, որ գել ու գազան էին հետո քաղաքով մեկ ման գալիս:

Կինը լռեց մի քանի րոպե՝ մտքերով ընկած:

- Հետո սկսեցի թուլանալ: Թուլություն մեջս մտավ...Էդ անտերները դրանից օգտվեցին: Տատիկին փակեցին, կողպեցին, ծմակը կոխեցին... Շունչս կտրվում ա, աղջիկ ջան: Մթից ա կտրվում շունչս: Էրեխեքի ձեները կորան, սիրահարներին էլ Լուսնյակի շողքի տակ չեմ տեսնում: Էրեխեքին ու սիրածներին ամենաշատն եմ կարոտում: Լուսնի լույսը, բա դրան ոնց եմ կարոտում:


Կինը էլի մի պահ լռեց:

-Ես գնամ, աղջիկ ջան: Երկար չեմ կարող էլ ստեղ մնալ: Ինձ ինչքան քիչ են հիշում, էդքան ավելի դժվար ա գետնի տակից դուրս գալ, Արեւի լույսին մաքուր օդ շնչել: Մնաս բարով, լավ աղջիկ:

Կինը անհետացավ: Մարգոյի ձախ ձեռքը, որը տատիկը բռնել էր, ամբողջը թաց էր:

Վերեւից ընկավ երեք խնձոր: Երեքն էլ մնաց Մարգոյին:  

No comments:

Post a Comment