Thursday, February 9, 2017

Գլուխ ԲԴ․ Բուսակեր ալքի բացահայտումը


Կարդալ Մաս Ա․ Տխուր վամպիրների էլեգիա





Նոյեմբերի 6, 2015 թ․, երեկո


Մի ժամ հետո Արմանը մտավ Զավզակ Սըլյուշնսի օֆիս: Սլավիկից հետո շատ բարդ էր մտքերը տեղավորել գլխի մեջ եւ համոզել դրանց, որ հերթով շարժվեն։

Օֆիսում մենակ Հեղնարն էր։ Հեռախոսով խաղում էր, բայց ձեւ արեց, որ նամակի է պատասխանում։ Ու չափից արագ թարթելով նայեց Արմանին։

― Օյինդ կրվար, խաղիդ նայի, այ դու, ձեւական Մըլաֆիսենտա։

― Մալեֆիսենտ, ֊ Հեղնարը հաղթական հայացքով փորձեց Արմանին գամել պատին։

― Մալո մնե վաշիխ ֆիսենտ, ֊ Արմանը միանգամից տխրեց, մտավ իր սենյակ, նստեց, գլուխը դրեց սեղանին ու սկսեց տնքտնքալ։ Հեղնարը այս խորաբուխ ձայները լավ գիտեր։ Արագ սուրճը լցրեց, բերեց, դրեց սեղանին ու լուռ հեռացավ։

― Հեղնա՜ր, Հեղնա՜ր, մի լքիր ինձ այս նեղ եւ անտաղանդ իրավիճակում։ De Profundis, Հեղնա՜ր։ Մի՞թե, մի՞թե ես արժանի եմ լոկ այս մեկ գավաթ դառը սուրճի։

― Դառը չի, մի գդալ գցել եմ։

― Յախք, պարզապես մի հատ մեծ յախք։ Ուրեմն ես ստեղ խորագույն մելանխոլիայի մեջ, սեւ լեղու մեջ եմ թաթախում իմ ճմռոտած հոգին։ Իսկ դու ինչ֊որ, պոնիմայեշ լի, տրիվիալ, լֆիկածին շաքարից ես խոսում։ Հասկացիր վերջապես, կյանքս այնքան դառնացած է, որ նույնիսկ եթե ինձ պատգամավոր Ալեքսանյանը որդեգրեր, մի փոքր քաղցրություն նույնիսկ չեր ներխուժի իմ հոգու մեջ։ Այսքանը։

Արմանը ցուցադրաբար ուժասպառ վեր ընկավ աթոռի վրա։

― Լավ, լավ։ Պատմեք, տեսնեմ, ինչպես կարող եմ օգնել, ֊ Հեղնարի սարցե սիրտը մի փոքր ճաք տվեց։