Thursday, February 9, 2017

Գլուխ ԲԴ․ Բուսակեր ալքի բացահայտումը


Կարդալ Մաս Ա․ Տխուր վամպիրների էլեգիա





Նոյեմբերի 6, 2015 թ․, երեկո


Մի ժամ հետո Արմանը մտավ Զավզակ Սըլյուշնսի օֆիս: Սլավիկից հետո շատ բարդ էր մտքերը տեղավորել գլխի մեջ եւ համոզել դրանց, որ հերթով շարժվեն։

Օֆիսում մենակ Հեղնարն էր։ Հեռախոսով խաղում էր, բայց ձեւ արեց, որ նամակի է պատասխանում։ Ու չափից արագ թարթելով նայեց Արմանին։

― Օյինդ կրվար, խաղիդ նայի, այ դու, ձեւական Մըլաֆիսենտա։

― Մալեֆիսենտ, ֊ Հեղնարը հաղթական հայացքով փորձեց Արմանին գամել պատին։

― Մալո մնե վաշիխ ֆիսենտ, ֊ Արմանը միանգամից տխրեց, մտավ իր սենյակ, նստեց, գլուխը դրեց սեղանին ու սկսեց տնքտնքալ։ Հեղնարը այս խորաբուխ ձայները լավ գիտեր։ Արագ սուրճը լցրեց, բերեց, դրեց սեղանին ու լուռ հեռացավ։

― Հեղնա՜ր, Հեղնա՜ր, մի լքիր ինձ այս նեղ եւ անտաղանդ իրավիճակում։ De Profundis, Հեղնա՜ր։ Մի՞թե, մի՞թե ես արժանի եմ լոկ այս մեկ գավաթ դառը սուրճի։

― Դառը չի, մի գդալ գցել եմ։

― Յախք, պարզապես մի հատ մեծ յախք։ Ուրեմն ես ստեղ խորագույն մելանխոլիայի մեջ, սեւ լեղու մեջ եմ թաթախում իմ ճմռոտած հոգին։ Իսկ դու ինչ֊որ, պոնիմայեշ լի, տրիվիալ, լֆիկածին շաքարից ես խոսում։ Հասկացիր վերջապես, կյանքս այնքան դառնացած է, որ նույնիսկ եթե ինձ պատգամավոր Ալեքսանյանը որդեգրեր, մի փոքր քաղցրություն նույնիսկ չեր ներխուժի իմ հոգու մեջ։ Այսքանը։

Արմանը ցուցադրաբար ուժասպառ վեր ընկավ աթոռի վրա։

― Լավ, լավ։ Պատմեք, տեսնեմ, ինչպես կարող եմ օգնել, ֊ Հեղնարի սարցե սիրտը մի փոքր ճաք տվեց։



Արմանը երկար բարակ պատմեց հանգամանքների այն շարանի մասին, որից Հեղնարը դուրս էր մնացել։

― Վերջը Սլավիկից ազատվեցի, էկա ստեղ։ Ու սենց։ Կյանքը տեղից շարժելու հնարքներ էլ չունեմ։ Նենց որ որոշել եմ դեպրեսիայի մեջ ընկնել ու ֆեյսով լացակումած ստատուսներ գրել։ Հենա արդեն մի հատ գրել եմ․․․

Հեղնարը անմիջապես լուռ մտավ հեռախոսով Ֆեսյբուք ու դանդաղ կարդաց․ «Չեմ սիրում, երբ թիկունքից են հարվածում։ Դա կյանքը դարձնում է անտանելի, իսկ մահը՝ հրապուրիչ»։

― Վայ, քոռանամ ես, էս որ սենց գնա, ռուսական շանսոն կսկեք շեյր անել գիշերներով։ Պետք ա մի բան շտապ անել, ֊ Հեղնարը սկսեց սենյակով աջ ու ձախ քայլել։ Արմանը տխուր շան հայացքով հետեւում էր նրան։ ― Լսեք, իսկ միգուցե լեշերի հետ էլի՞ խոսաք։

― Ինչ խոսամ է, հենա ասեցին․ գնա, ֆռֆռա, չերեւաս։

― Դե, դա առաջ էր։ Իսկ հիմա նոր հանգամանքներ են հայտնվել, ավելի հավես վիճակներ են․․․

― Էռնեկ քո հավեսին․․․ Լավ, փորձեմ։ Փորձը կտտանք չէ, ինչպես ասում էր փոքրիկ Ջուղաշվիլին․․․

Որպեսզի դեպրեսիան նորից գլուխ չբարձրացնի, Հեղնարը ինքը բերեց հեռախոսը Արմանին։ Երկու րոպե բջջայինով կմկմալով խոսալուց հետո Արմանը կրկին աշխուժացավ։

― Հեղնար, դու կյանք ես։ Առանց քեզ ես ինչ էի անելու։

― Հեչ, նվնվալու էիք սաղ կյանքը։ Տենց էլ մեռնեիք, գերեզմանաքարին գրեին․ «նվնվաց էս տարուց էս տարի»։

― Չունենամ քեզ, Հեղնար։ Ես թռա։ Համազուսպ տիարը ինձ ա սպասում գրկաբաց։

Արմանը փողոցից տաքսի բռնեց։ Ճանապարհը դեպի Էլիտ պլազա այս անգամ էլ երկար տեւեց․ ավանդական երեկոյան խցանումներն էին։ Վարորդը սկզբից լուռ էր։ Արմանն էլ որոշեց լռել ու մտքերով ընկավ։ Մեկ էլ տաքսիստը շուռ եկավ դեմքով ու լայն ժպտալով հարցրեց․

― Էս «Զաժիգալկա» խի՞ ես գնում, ախպեր ջան։ Չլնի՞ էսօր մեռելոց ա։


Ու սկսեց այլանդակ ձայնով ծիծաղել։ Արմանը աննկատ դողացրեց․ բերանում բոլոր ատամները պողպատ էին․ «Ալք է»։ Արմանը շատ տարօրինակ եւ մութ կերպարների էր կյանքում հանդիպել, բայց ալքերից ֆիզիկապես էր զզվում։ Որպեսզի մինիմալացնի շփումը ալքի հետ, ուղղակի ձեւ արեց, որ չլսեց ու հայացքը մեխեց պատուհանից դուրս։

― Լավ, լավ, մի ազդվի։ Տեսնում եմ, որ մերոնց չես սիրում․․․ Բայց ես էլ։ Ես թարգել եմ։ Ես մերոնց հետ չեմ շփվում։ Տենցը չեմ, ախպեր ջան։ Ես մարդկանց մենակ տանում բերում եմ տաքսիով, մատով էլ չեմ կպնում։

― Շատ ուրախ եմ ձեր համար, պարոն։ Երեւի բուդդիզմ էլ եք ընդունել։ Դալայ Լամայի ու Ռիչարդ Գիռի հետ ֆոտո էլ կունենաք, մաննի կաշա ուտելուց։

― Լավ, ախպեր, տեսնում եմ, չես հավատում։ Կամ շատ ես զզվում մերոնցից։ Իսկ ես օրենք ունեմ իմ մաշնի տարածքում․ իմ կլիենտը պետք ա գոհ լինի պատվերի վերջում։ Հիմա քեզ գոհացնելը բարդացավ իմ համար։ Բա ո՞նց անենք, ախպեր ջան։

― Բան էլ մի արա։ Հասի տեղ նորմալ, շատ գոհ կլինեմ դուրս գալուց։ Վերջում մի հատ էլ կժպտամ քեզ։

― Չէ, ախպեր ջան, չեղավ տենց։ Ինձ քո ձեւական ժպտալը մի տեղի համար սպիրտով կոմպրես ա։ Դու պետք ա իսկականից գոհ ըլնես։ Ու ես էդ քեզ դա կապահովեմ հեսա։

― Ավելի լավ ա պետք չի ոչ մի բան ապահովել։ Թե չէ ծանր մարմնականով դատվելու հավես էսօր չունեմ։

Վարորդը Արմանին շատ ուշադիր չէր լսում։ Ընթացքում հասցրեց ապակին իջեցնել, գլուխը հանել դուրս եւ մի լավ սեռական բնույթի պիտակներով նախշել կողքի սպիտակ «Նիվայի» վարորդին։ Արմանը մտքում ֆիքսեց, որ «Նիվայի» վարորդը արժանի էր ասածների մոտ 90 տոկոսին․ վերջին «թթու դրած ոչխարի քաքը» ավելորդ էր։ Ալքը նորից մտավ ողջ մարմնով ներս ու շուռ եկավ դեպի Արմանը․


― Ներկայանամ սկզբից։ Զըռըլբադին ա անունս։ Սիրուն անուն ա, չէ՞ ֊ ալքը կրկին մինչեւ վերջ բացեց պողպատյա ատամնաշարը, ֊ Մենք լավը չենք։ Բայց մենք շատ ավելի լավ ենք տեսնում ու զգում։ Մարդիկ էս կյանքից բան չեն ստանում։ Ու ես քեզ մի երկու բան կպատմեմ։ Դու հաստատ գնում ես քելող մեռելների հետ շփվելու։ Վրեքների հոտը դեռ մնացել ա նախորդ անգամվանից։

― Էդ պատմածդ ես էլ գիտեի։

― Դե լսի, մի խանգարի։ Գիշերը ես Թոխմախի կողմերն էի քշում։ Մի հարցրու խի՝ դուրդ չի գա։ Ու կարեւոր էլ չի, ախպեր ջան։ Կարեւորն էն ա, որ մեռելներդ էնտեղից վազացնելով տապանաքարեր էին տանում։ Ես մի հինգ րոպե հետեւեցի, տաս հատ հեչի պես տարան։

― Տապանաքարե՞ր։ Բա դերվիշները՞, ֊ Արմանը ավելի շատ ինքն իր հետ էր զարմացած զրուցում։

― Հա, դերվիշներ գերեզմանոցում ապրում են։ Բայց էրեգ աչքոս չընկան։ Համ էլ հասանք, շեֆ։

― Գյաբրլամիշ ջան, պետք ա ասեմ, որ հրաշքը կայացավ։ Ես բեսամթ գոհ եմ։

― Զըռըլբադին ա անունս։ Լավ մնաս, ախպեր ջան։

Արմանը դուրս թռավ մեքենայից, վազելով մտավ շենք։ Վամպիրների օֆիսը փակ էր։ Լույսերը անջատած։ Դուռը մի քանի անգամ թակեց։ Ձայն չկար։ Շարժում չկար։ Վամպիրների ամենաակտիվ օֆիսային ժամին։ Օֆիսում, ուր միշտ լինում էին հերթապահներ։ Ու հիմա դատարկ էր։

Արմանը ճարահատված շուռ եկավ ու գնաց դեպի վերելակը։ Մեկ էլ աչքի պոչով հատակին թղթի կտոր նկատեց։ Կրացավ, վերցրեց ու հասկացավ, որ իզուր չէր։ Վրան կարմիրով թվեր էին գրված։ Արյունով։ Չորս թիվ․ 4019։ Մնացածը մյուս կտորում էր մնացել։ Երեւում էր, որ շարունակություն է եղել, բայց պոկվել է։ Ավելի շուտ այս կտորն էր պոկված մեծ թղթից։ Արմանը մեկ րոպե անշարժ մտածում էր։ Հետո արագ սմս գրեց սլավիկին․ «Աշոտիկին փոխանցի․ 4019։ Ինքը կհասկանա»։

Թուղթը դրեց գրպանը ու մտավ վերելակը։ Դուրս գալուց շենքից Արմանը զգաց, որ քամին հոտը փոխել էր, նոր եղանակներ էին այցելում Երեւանը։

No comments:

Post a Comment