Կարդալ
Գլուխ ԲԱ. Կորած քարտեզը
Գլուխ ԲԲ. Թվաբանությունն ու այլմոլորակային Սլավիկը
Նոյեմբերի 6, 2015 թ․, կեսօրից հետո
Արմանը արդեն հասկացավ, որ հեքիաթների խորհրդավոր գրքից միշտ քնում է: Կռահց դա, երբ արդնացավ գլուխը հատակին խփելուց՝ գիրքը ձեռքում պինդ բռնած: Ու այսպես, գիրքը գրկած, կողքի վրա պառկած մնաց մի տաս րոպե անշարժ: Քունը արդեն չէր տանում, բայց տվյալ պահը համարում էր ի վերուց տրված հանգիստ: Արմանի կրեդոն այս հարցերում միանշանակ էր. եթե ճամփիդ անսպասելի հանդիպում է նստարան. նստիր, սիրելի Արման, եթե կա մահճակալ, իսկ տեսնող չկա, պառկի, մի քիչ քնի, թանկագին Արման, եւ այլն ըստ իրավիճակի: Հիմա տիեզերքը ամեն բան արել էր, որպեսզի Բզնունցը հանգստանար, եւ նման հզոր ուժերի հետ հակամարտությունը անիմաստ էր:
Տաս րոպեից Արմանը ձանձրացավ: Քունը հեչ չեր տանում: Մտքերն էլ տանջում էին: Քարտեզի հարցը պետք էր մի ձեւ լուծել ու շարժվել առաջ: Առավելեւս, որ առանց քարտեզ շարժվելու տեղ էլ չկար: Ժուկից ու Ժամանակից բան հասկանալ չեղավ: Գրեթե միշտ այդպես էր լինում դրանց հետ, սկսում էին անհասկանալի բաներից խոսել, միշտ շեշտում էին, որ Արմանը դեռ փոքր է, ու մի երկու հարյուր տարի հետո նոր կարող է հետը մի քիչ խորանան, թեթեւի մեջ: Ուրիշը լիներ, կթարգեր իրենց մոտ գնալը: Բայց Արմանը մի բան հաստատ գիտեր. հերիք էր մի քիչ «Ժուկ & Ժամանակ քորփորեյշն» օֆիսում նստել, ոնց իրադարձությունները սկսում էին ինքնըստինքյան ճիշտ ուղղությամբ շարժվել, ճակատագրի կծիկը սկսում էր բացվել, նույնիսկ ամենախճճված վիճակներում: Մինչեւ մայրամուտ հաստատ բախտը բերելու էր: Իհարկե, հարգելի ընթերցողը տրամաբանորեն կենթադրեր, որ Զավզակ Սըլյուշընսի գործերը լավ էն միշտ գնում, քանի որ Արմանը ամեն Աստծո առավոտ գնում է վերոհիշյալ գրասենյակը՝ դրական լիցքավորելու քարման: Արմանն էլ էր նույն ուղղությամբ մտածում՝ երբ առաջին անգամ հայտնաբերեց այս հատկությունը, եւ հաջորդ օրը նույնպես մեկնեց Անի հյուրանոց նոր դուրեկան լիցքերի հետեւից: Դուռը պարզապես չբացվեց: Ժուկն ու Ժամանակը մարդուն ներս էին թողնում, երբ ցանկանում էին: Մի գուցե, Տարոյի քարտերով էին որոշում: Մի գուցե ոչ: Բայց Արմանը երբեք չգիտեր նախորոք. կբացվի դուռը, թե՝ չէ:

Հիմա պետք էր օգտվել հնարավորությունից: Իսկ օգտվել հնարավոր էր միայն հորիզոնական դիրքից դուրս գալուց հետո: Արմանը հասկացավ, որ ուղղահայաց դիրք ընդունելը այդքան էլ հեշտ չի լինելու. ճղճղված բարձերը խառնվել ու պարուրել էին մարմինը: Մի քանի րոպե տեւեց անարդար պայքարը, որի հետեւանքում Բզնունցի թուշը ճպոցով նորից միախառնվեց հատակի հետ:
«Ա՛յ, դու, անպիտան Արչիմբոլդո, անկայուն Ֆուլխենսիո, աննպատակ Պրուդենսիո Ագիլյար», - Արմանը անհատապես եւ զգացմունքային պայքարի մեջ էր ամեն մի մութակի հետ: Հերթական անգամ գլորվելուց հետո հաջողացրեց դուրս պրծնի բարձերի բլրից: Արդեն ուզում էր վեր կենալ, երբ նկատեց, որ Սողոմոն աղայի նարդու փոքրիկ սեղանի տակ մի բան էն չի: Արմանը նարդի խաղալուց զզվում էր: Սրանից շատ մեկ էլ շախմատ չէր սիրում: Բայց ստիպված էր լինում պարբերաբար Սողոմոնի հետ խաղալ: Մյուս կողմից, սեղանը այնպիսի մի հիանալի արվեստի գործ էր, որ տանջանքները գրեթե զրոյանում էին, երբ սկսում էր նախշերը ուսումնասիրել: Սողոմոնն ասում էր, որ սեղանը մի քանի դար առաջ պատրաստել էր ջին՝ լամպի գերությունից ազատվելու դիմաց նվեր էր նախկին տիրոջը: Թե հետո ինչ ճամփեքով էր հասել իֆրիթին. դրա մասին Սողոմոնը միշտ լռում էր: