Tuesday, December 6, 2016

Գլուխ ԲԲ. Թվաբնությունն ու այլմոլորակային Սլավիկը



Կարդալ  Գլուխ ԲԱ. Կորած քարտեզը

Կարդալ Մաս Ա․ Տխուր վամպիրների էլեգիա


Գլուխ ԲԲ. Թվաբանությունն ու այլմոլորակային Սլավիկը 




Նոյեմբերի 6, 2015 թ․, կեսօրից հետո

Արմանը արդեն հասկացավ, որ հեքիաթների խորհրդավոր գրքից միշտ քնում է: Կռահց դա, երբ արդնացավ գլուխը հատակին խփելուց՝ գիրքը ձեռքում պինդ բռնած: Ու այսպես, գիրքը գրկած, կողքի վրա պառկած մնաց մի տաս րոպե անշարժ: Քունը արդեն չէր տանում, բայց տվյալ պահը համարում էր ի վերուց տրված հանգիստ: Արմանի կրեդոն այս հարցերում միանշանակ էր. եթե ճամփիդ անսպասելի հանդիպում է նստարան. նստիր, սիրելի Արման, եթե կա մահճակալ, իսկ տեսնող չկա, պառկի, մի քիչ քնի, թանկագին Արման, եւ այլն ըստ իրավիճակի: Հիմա տիեզերքը ամեն բան արել էր, որպեսզի Բզնունցը հանգստանար, եւ նման հզոր ուժերի հետ հակամարտությունը անիմաստ էր:

Տաս րոպեից Արմանը ձանձրացավ: Քունը հեչ չեր տանում: Մտքերն էլ տանջում էին: Քարտեզի հարցը պետք էր մի ձեւ լուծել ու շարժվել առաջ: Առավելեւս, որ առանց քարտեզ շարժվելու տեղ էլ չկար: Ժուկից ու Ժամանակից բան հասկանալ չեղավ: Գրեթե միշտ այդպես էր լինում դրանց հետ, սկսում էին անհասկանալի բաներից խոսել, միշտ շեշտում էին, որ Արմանը դեռ փոքր է, ու մի երկու հարյուր տարի հետո նոր կարող է հետը մի քիչ խորանան, թեթեւի մեջ: Ուրիշը լիներ, կթարգեր իրենց մոտ գնալը: Բայց Արմանը մի բան հաստատ գիտեր. հերիք էր մի քիչ «Ժուկ & Ժամանակ քորփորեյշն» օֆիսում նստել, ոնց իրադարձությունները սկսում էին ինքնըստինքյան ճիշտ ուղղությամբ շարժվել, ճակատագրի կծիկը սկսում էր բացվել, նույնիսկ ամենախճճված վիճակներում: Մինչեւ մայրամուտ հաստատ բախտը բերելու էր: Իհարկե, հարգելի ընթերցողը տրամաբանորեն կենթադրեր, որ Զավզակ Սըլյուշընսի գործերը լավ էն միշտ գնում, քանի որ Արմանը ամեն Աստծո առավոտ գնում է վերոհիշյալ գրասենյակը՝ դրական լիցքավորելու քարման: Արմանն էլ էր նույն ուղղությամբ մտածում՝ երբ առաջին անգամ հայտնաբերեց այս հատկությունը, եւ հաջորդ օրը նույնպես մեկնեց Անի հյուրանոց նոր դուրեկան լիցքերի հետեւից: Դուռը պարզապես չբացվեց: Ժուկն ու Ժամանակը մարդուն ներս  էին թողնում, երբ ցանկանում էին: Մի գուցե, Տարոյի քարտերով էին որոշում: Մի գուցե ոչ: Բայց Արմանը երբեք չգիտեր նախորոք. կբացվի դուռը, թե՝ չէ:


Հիմա պետք էր օգտվել հնարավորությունից: Իսկ օգտվել հնարավոր էր միայն հորիզոնական դիրքից դուրս գալուց հետո: Արմանը հասկացավ, որ ուղղահայաց դիրք ընդունելը այդքան էլ հեշտ չի լինելու. ճղճղված բարձերը խառնվել ու պարուրել էին մարմինը: Մի քանի րոպե տեւեց անարդար պայքարը, որի հետեւանքում Բզնունցի թուշը ճպոցով նորից միախառնվեց հատակի հետ:

«Ա՛յ, դու, անպիտան Արչիմբոլդո, անկայուն Ֆուլխենսիո, աննպատակ Պրուդենսիո Ագիլյար», - Արմանը անհատապես եւ զգացմունքային պայքարի մեջ էր ամեն մի մութակի հետ: Հերթական անգամ գլորվելուց հետո հաջողացրեց դուրս պրծնի բարձերի բլրից: Արդեն ուզում էր վեր կենալ, երբ նկատեց, որ Սողոմոն աղայի նարդու փոքրիկ սեղանի տակ մի բան էն չի: Արմանը նարդի խաղալուց զզվում էր: Սրանից շատ մեկ էլ շախմատ չէր սիրում: Բայց ստիպված էր լինում պարբերաբար Սողոմոնի հետ խաղալ: Մյուս կողմից, սեղանը այնպիսի մի հիանալի արվեստի գործ էր, որ տանջանքները գրեթե զրոյանում էին, երբ սկսում էր նախշերը ուսումնասիրել: Սողոմոնն ասում էր, որ սեղանը մի քանի դար առաջ պատրաստել էր ջին՝ լամպի գերությունից ազատվելու դիմաց նվեր էր նախկին տիրոջը: Թե հետո ինչ ճամփեքով էր հասել իֆրիթին. դրա մասին Սողոմոնը միշտ լռում էր:

Ինչեւէ, սեղանի տակ ինչ-որ մեկը քերելով թվեր էր գրել: Ու հաստատ հին գրեր չէին, թարմ չանկռած էր սուր ծայրով: Արմանը մտավ սեղանի տակ, փորձեց հեռախոսով նկարել, բայց շատ նեղ էր ու ֆոկուսը չէր բռնում: Տենց մի հինգ րոպե պայքարեց, մինչեւ հասկացավ, որ կարող է հանգիստ կանգնել եւ փոքրիկ սեղանը շուռ տալ:

Քիչ անց Արմանը դուրս էր գալիս Սողոմոնի տնից, դանդաղ իջնելով աստիճաններով, փորձում էր հասկանալ նկարածը.

01933645157801820245134101797445132601839645195201840845112018948451391018667451243

«Անիմաստ թվերի շարան: Էս ամենը պետք է մի հատ նորմալ մարսել», - Արմանը շատ մտահոգված իջնում էր Աբովյանով: Ցրված մտքերը մի տեղ հավաքելու պահանջը ստիպեց մտնել «Ցենտրալ»: Նստեց սրճարանային մասում, պատվիրեց թունդ «Ասամ», հետն էլ «էստերխազի» եւ դանդաղ խմելով սկսեց մտածել.

«Փաստ է, որ թվերը նոր են: Փաստ է, որ թվերը հենց այնպես չեն: Փաստ է, որ ես դրանցից բան չեմ հասկանում: Ու փաստ է, որ դրանք միակ տարբերակն  են, որ ինչ-որ մի տեղ կարող են տանել: Ու փաստ է, որ էլ փաստեր չունեմ...»

- Յա, էս ում պուպուշ տղեն ա էկել մեզ մոտ, - ինչ-որ մեկը նենց ուժեղ խփեց Արմանի ուսին, որ թխվածքի կտորը բացված բերանից թռավ մի երկու մետր:  

- Այ անբռնազբոս Հոհենցոլեռն, բա որ մեռնեի, - Արմանի դիմաց կանգնած էր հիմնկանում լայն ժպիտով եւ լոշտակ ականջներով դրսեւորվող այլմոլորակային Սլավիկը: Սլավիկը դեռ Սովետների ժամանակ էր հայտնվել Երկրի վրա: Երկար տարիներ իրեն ուսումնսիրում էին Սարի թաղի կողմերը գաղտնի լաբորատորիայում, որը ձեւի համար ներկայացվում էր որպես դաբաղի ուսումնասիրության ինստիտուտ: Ալֆա Ցենտավրայից ժամանած հյուրի անունը Սլավիկ էր դրել Մոսկվայից շտապ եկած ընկեր մայորը: Քանի որ Երկրի հյուրը գաղտնի գիտափորձերից մի քիչ խելքը քցել էր, ինքն իրեն էլ էր Սլավիկ ասում:

- Լավ, լավ, թեթեւ տար: Քեզ շուտվանից չէի տեսել: Ուրախացա: Ուրախանալ էլ չի կարելի, - Սլավիկը արդեն հարմարվել էր Արմանի դիմացի նստարանին եւ արդեն պարզ էր, որ հեռանալու տրամադրություն չուներ: - Պատմի, ո՞նց ես, ի՞նչ կա, բա ուրի՞շ ինչ կա, իսկ ընդհանրապես ո՞նց ես, բա նորություններից ի՞նչ կա, բա ուրի՞շ, էլ ի՞նչ կասես, բա ի՞նչ լավ բան կա:

Արմանը պարզապես սպասում էր, մինչեւ Սլավիկը հոգնի, ուրիշ ռազմավարություն գիտությունը եւ ավանդական բժշկությունը դեռ չէին մշակել: Մի քանի րոպե հետո Սլավիկը լուռ, պայծառ ժպիտը երեսին նայում էր Արմանին: Արդեն կարելի էր խոսել:

- Նենց առանձնապես նոր բան չկա, - Արմանը անցավ թեյին ու թխվածքին:

- Ո՞նց թե չկա, բա էս ինչ ա, - Սլավիկը Արմանի դեմքին մոտեցրեց հեռախոսը՝ վրան Սողոմոնի սեղանի թվերով: Այլմոլորակայինը կտցրածի մեկն էր, բայց հիմար չէր. տիեզերանավ երկար քշելը առնվազն շատ նրբանկատ է դարձնում ամեն մի հումանոյիդի: - Էս հաստատ քո բանկային հաշիվը չի: Պատմի, - Սլավիկի դեմքը կրկին լղոզվեց բազմաշառավիղ ժպիտից:

- Լավ, պատմեմ: Կարող ա քեզ ինձ աստղերն են ուղարկել: Որ օգնես: Մեկա ուրիշ իսան չկա… Արմանը երկար լռեց, Սլավկը շարունակում էր ժպտալ, միայն աչքերի քաոտիկ շարժն էր հուշում, որ մեջը անհամբերությունից եռում է: Իսկ Արմանի միջի փոքրիկ սադիստը փորձում էր իր երանության պատառը պոկել պահից, - Հա, ինչ էի ասում.. Տես, ամեն ինչ հիմա քեզ չեմ պատմելու, հավես չկա, համ էլ կարեւոր էլ չի: Հարցը նրանում ա, որ մի ծանոթի տանը քարտեզ էի ման գալիս.. Մոռացա ասել. ծանոթին փախցրել են:  Չնայած, էդ էլ կարեւոր չի: Կարեւորը հիմա էն ա, որ քարտեզ չգտա: Իսկ գտա էս թվերը: Ու փայծախս հուշում ա, որ էս թվերը կապ ունեն էս ամենի հետ: Բայց դե անիմաստ թվեր են:

- Տուր նայեմ, - Սլավիկը երկար խորացած ուսումնասիրում էր թվերը, միայն աչքերն էին շարժվում ու շուրթերը՝ իրա անհասկանալի լեզվով անհասկանալի բաներ էր քթի տակ շշնջում: - Ափսոս, տիեզերանվս մոտս լիներ, իրեն կհարցնեի: Շատ խելոքի մեկն էր, հաստատ մի բան կհաշվեր, կասեր: Բայց դե, գիտես, նավս տարան… Տարան կուկլիս…

Սլավիկը սկսեց հոնգուր-հոնգուր լացել: Արմանը լուռ թեյ էր խմում, սպասում էր, մինչեւ տիեզերագնացը հանգստանա: Կողքի սեղանից զարմացած նայում էին իրենց կողմ, բայց Արմանը հավես էլ չուներ հայացքով բացատրություններ տալ: Մի քանի րոպե հետո համ հարեւան սեղանը հանգստացավ, համ Սլավիկը, որը կրկին վերադառնալով ժպտերես կարգավիճակին, ոգեւորված շարունակեց.

- Լսի, պետք ա տանել Աշոտիկի մոտ: Հաստա՛տ: Ինքը կոնկրետ օգնող ա էս հարցերում: Ինքը գիտես թվեր ոնց ա սիրում: Ինքը ահավոր թվասեր ա: Մի օր, պատկերացրու, հետը Կասկադով բարձրանում ենք…

- Սլավիկ, մի հատ հավքի քեզ, - Արմանը ընդհատեց ջոյսյան զեղումները. Աշոտիկն ո՞վ ա:

- Ո՞նց թե, դու ռոբոտ Աշոտիկին չգիտե՞ս: Էն անդրոյիդ Համլետի հորոխպոր տղուն: Էն կիբորգ Սերոբի խնամին : Էն դրոիդ Վաչ…

- Էս գիտակցության հոսքդ շաքարով կտրեմ: Էս ո՞ւմ մասին ես խոսում, էս ինչ զառանցանք ա, ինչ ռոբոտ, ինչ սանիկ կիբորգ…

- Չէ, սխալ ես հասկացել: Կիբորգը սանիկ չի, խնամին ա: Աշոտիկի:

Արմանը ում ասես հանդիպել էր Երեւանում, բայց որ այստեղ կա մեծ ժեշտահայերի համայնք. առաջին անգամ էր լսում: Ու սա հեշտ մարսվող նորություն չէր:

- Ասածս էն ա, որ պետք ա գնալ Աշոտիկի մոտ: Մասիվ ա ապրում: Հիմա թափով որ գնանք, ինձ թվում ա հարցը շուտ կլուծվի:


Արմանը արագ խնդրեց հաշիվը, վճարեց ու բրդբրդելով Սլավիկին, շարժվեց դեպի ելքը: Հեռակա ծանոթ Աշոտիկը գնալով ավելի էր դուրը գալիս:

No comments:

Post a Comment