Sunday, December 18, 2016

Գլուխ ԲԳ. Երկաթից Աշոտիկը մտածում է


Կարդալ  Գլուխ ԲԱ. Կորած քարտեզը

Կարդալ Գլուխ ԲԲ. Թվաբանությունն ու այլմոլորակային Սլավիկը 

Կարդալ Մաս Ա․ Տխուր վամպիրների էլեգիա


Եղանակը տաքացել էր, բայց մառախուղը շարունակում էր դիրքերը ամուր պահել քաղաքում: Սլավիկի հետ դուրս գալն ու տաքսի բռնելը մեկ էր: Եվ շուտով արդեն շարժվում էին դեպի Մոլդովական փողոց, ուր ապրում էր վերջին կես ժամվա ընթացքում լեգենդար դարձած Աշոտիկը:

Ճանապարհին Սլավիկը, որ դիմացից էր նստել, ու վարորդը, որի անունը Անտոն էր (ինչը մենակ Արմանին էր զարմացնում, այն էլ՝ անհասկանալի պատճառներով), իրար լավ գտան: Երկխոսությունը այնքան ներդաշնակ եւ միապաղաղ, ռիթմիկ էր, որ Արմանը աչքերը փակեց ու սկսեց այդ կրկչոցի տակ մտածել հետագա պլանների մասին:

- Անտոն ջան, բա շուտվանի՞ց ես տաքսի քշում:

- Տո չէ հա... Ես նախարարի ախրանիկ էի: Հետո զահլես գնաց: Կռուգլի սուտկի պետք ա հետը քյաբաբնոցներով ֆռֆռայի, իրա լրբերին տանեի թանգնոց բուծիկներ, թոռներին էլ մնգո: Էդ մեկը ամենահետույքայինն էր: Մնգոն մի հատ նեղ հայաթում էր: Ու լեփ-լեցուն թանգնոց մեքենա: Մտնում էի, ու էլ դուրս գալ չկար: Հետ, առաջ, հետ, առաջ, ամոթել ա ասել, մի կես ժամ…

- Յաաա… Բա հետո՞: Միանգամից տաքսի՞: Բա տնեցի՞ք: Ամուսնացա՞ծ ես: Բա էրեխա՞ ունես: Բա քանի՞սն են:

- Այ ջանմ: Ինչ էրեխա, ինչ ամուսնանալ: Ասում եմ քեզ. մնգոյի մոտ էի սաղ օրը առաջ, հետ, առաջ, հետ:

 - Հաաա…. Բա ընկերուհի ունե՞ս, Անտոն ջան: Սիրու՞ն ա: Հերը հարո՞ւստ ա:

- Ունեի մի լավ ընկերուհի: Բայց թարգեցի…

- Հաաաա… Յաաաա… Բա խի՞:

- Ախպերս: Նայի: Ընտիր աղջիկ էր: Կուկլա…

- Յաաաա… Հաաաա… Բա խի՞ թարգիր:

- Ախպերս, ասեմ, ասեմ՝ իմանաս: Վեչնի երջանիկ էր, վեչնի ժպտում էր: Ու հեչ չէր հիվանդանում: Ախպեր ջան, մարդը, որ միշտ երջանիկ ա ու միշտ առողջ՝ էդի նորմալ մարդ չի: Դրանից միշտ մի կիլոմետր հեռու պետք ա լինես: Հաստատ եմ ասում: Հվատա իմ փորձին:

Էդ ընթացքում Արմանը փորձում էր հասկանալ, թե ինչ անել հաջորդ քայլով: Ռոբոտներով զբաղվելը հեչ դուրը չէր գալիս: Բայց մյուս կողմից, հասկանալի չէր, թե էլ ուր գնալ: Քարտեզի նույնիսկ հետքը չկար: էլ ուր մնաց փնտրելու ուղղություն: Մտքերը արդեն հինգերորդ անգամ ցիկլի մեջ պտույտ էին կատարում ու վերադառնում նույն զրոյական կետին, ուր կանգնած էր Աշոտիկի ուրվականը:

Tuesday, December 6, 2016

Գլուխ ԲԲ. Թվաբնությունն ու այլմոլորակային Սլավիկը



Կարդալ  Գլուխ ԲԱ. Կորած քարտեզը

Կարդալ Մաս Ա․ Տխուր վամպիրների էլեգիա


Գլուխ ԲԲ. Թվաբանությունն ու այլմոլորակային Սլավիկը 




Նոյեմբերի 6, 2015 թ․, կեսօրից հետո

Արմանը արդեն հասկացավ, որ հեքիաթների խորհրդավոր գրքից միշտ քնում է: Կռահց դա, երբ արդնացավ գլուխը հատակին խփելուց՝ գիրքը ձեռքում պինդ բռնած: Ու այսպես, գիրքը գրկած, կողքի վրա պառկած մնաց մի տաս րոպե անշարժ: Քունը արդեն չէր տանում, բայց տվյալ պահը համարում էր ի վերուց տրված հանգիստ: Արմանի կրեդոն այս հարցերում միանշանակ էր. եթե ճամփիդ անսպասելի հանդիպում է նստարան. նստիր, սիրելի Արման, եթե կա մահճակալ, իսկ տեսնող չկա, պառկի, մի քիչ քնի, թանկագին Արման, եւ այլն ըստ իրավիճակի: Հիմա տիեզերքը ամեն բան արել էր, որպեսզի Բզնունցը հանգստանար, եւ նման հզոր ուժերի հետ հակամարտությունը անիմաստ էր:

Տաս րոպեից Արմանը ձանձրացավ: Քունը հեչ չեր տանում: Մտքերն էլ տանջում էին: Քարտեզի հարցը պետք էր մի ձեւ լուծել ու շարժվել առաջ: Առավելեւս, որ առանց քարտեզ շարժվելու տեղ էլ չկար: Ժուկից ու Ժամանակից բան հասկանալ չեղավ: Գրեթե միշտ այդպես էր լինում դրանց հետ, սկսում էին անհասկանալի բաներից խոսել, միշտ շեշտում էին, որ Արմանը դեռ փոքր է, ու մի երկու հարյուր տարի հետո նոր կարող է հետը մի քիչ խորանան, թեթեւի մեջ: Ուրիշը լիներ, կթարգեր իրենց մոտ գնալը: Բայց Արմանը մի բան հաստատ գիտեր. հերիք էր մի քիչ «Ժուկ & Ժամանակ քորփորեյշն» օֆիսում նստել, ոնց իրադարձությունները սկսում էին ինքնըստինքյան ճիշտ ուղղությամբ շարժվել, ճակատագրի կծիկը սկսում էր բացվել, նույնիսկ ամենախճճված վիճակներում: Մինչեւ մայրամուտ հաստատ բախտը բերելու էր: Իհարկե, հարգելի ընթերցողը տրամաբանորեն կենթադրեր, որ Զավզակ Սըլյուշընսի գործերը լավ էն միշտ գնում, քանի որ Արմանը ամեն Աստծո առավոտ գնում է վերոհիշյալ գրասենյակը՝ դրական լիցքավորելու քարման: Արմանն էլ էր նույն ուղղությամբ մտածում՝ երբ առաջին անգամ հայտնաբերեց այս հատկությունը, եւ հաջորդ օրը նույնպես մեկնեց Անի հյուրանոց նոր դուրեկան լիցքերի հետեւից: Դուռը պարզապես չբացվեց: Ժուկն ու Ժամանակը մարդուն ներս  էին թողնում, երբ ցանկանում էին: Մի գուցե, Տարոյի քարտերով էին որոշում: Մի գուցե ոչ: Բայց Արմանը երբեք չգիտեր նախորոք. կբացվի դուռը, թե՝ չէ:


Հիմա պետք էր օգտվել հնարավորությունից: Իսկ օգտվել հնարավոր էր միայն հորիզոնական դիրքից դուրս գալուց հետո: Արմանը հասկացավ, որ ուղղահայաց դիրք ընդունելը այդքան էլ հեշտ չի լինելու. ճղճղված բարձերը խառնվել ու պարուրել էին մարմինը: Մի քանի րոպե տեւեց անարդար պայքարը, որի հետեւանքում Բզնունցի թուշը ճպոցով նորից միախառնվեց հատակի հետ:

«Ա՛յ, դու, անպիտան Արչիմբոլդո, անկայուն Ֆուլխենսիո, աննպատակ Պրուդենսիո Ագիլյար», - Արմանը անհատապես եւ զգացմունքային պայքարի մեջ էր ամեն մի մութակի հետ: Հերթական անգամ գլորվելուց հետո հաջողացրեց դուրս պրծնի բարձերի բլրից: Արդեն ուզում էր վեր կենալ, երբ նկատեց, որ Սողոմոն աղայի նարդու փոքրիկ սեղանի տակ մի բան էն չի: Արմանը նարդի խաղալուց զզվում էր: Սրանից շատ մեկ էլ շախմատ չէր սիրում: Բայց ստիպված էր լինում պարբերաբար Սողոմոնի հետ խաղալ: Մյուս կողմից, սեղանը այնպիսի մի հիանալի արվեստի գործ էր, որ տանջանքները գրեթե զրոյանում էին, երբ սկսում էր նախշերը ուսումնասիրել: Սողոմոնն ասում էր, որ սեղանը մի քանի դար առաջ պատրաստել էր ջին՝ լամպի գերությունից ազատվելու դիմաց նվեր էր նախկին տիրոջը: Թե հետո ինչ ճամփեքով էր հասել իֆրիթին. դրա մասին Սողոմոնը միշտ լռում էր: