Thursday, November 10, 2016

Գլուխ Գ․ Անդրերեւանյան կիսամարաթոն



Նոյեմբերի 5, 2015 թ․ դեպի երեկո


Մետրոյում համարյա մարդ չկար էս ժամին, բոլորը գերադասում էին օրը անցկացնել խցանման մեջ։ Արմանը վազելով անցավ Երիտասարդականի ձանձրալի միջանցքը․ բախտն էլ բերեց, գնացքը անմիջապես եկավ։ Առջեւում  վամպիրների օֆիսն էր․ «Գնացինք «Զորավար Անդրանիկ»։

Վագոնում ընդամենը երեք աղջիկ էին նստած՝ միասին մտած էին մեջտեղինի հեռախոսի մեջ ու ահավոր ուշադիր ինչ֊որ բան էին կարդում, մենակ լուսավորված քթների ծայրերն էին շարժվում եւ մեկի ցուցամատը՝ էկրանի վրա։

Հրապարակը գնացքը չհասցրեց անցնել, մեկ էլ լույսերը անջատվեցին ու ամեն բան կանգնեց։ Մթան մեջ երեում էին միայն երեք սարսափից սառած քթեր՝ սմարթֆոնի մեռած լույսով շպարված։ Աղջիկները այնքան վախեցած էին, որ նույնիսկ ձայն չէին հանում։ Արմանը փորձեց դուռը ձեռքով բացել՝ անսպասելիորեն հաջողվեց։

«Աղջկերք, կներեք ինձ, ես ձեզ պետք է լքեմ, ես ջենտլմեն չեմ, ես դա գիտեմ։ Ես զրկվեցի ջենտլմեն լինելու հնարավորությունից, երբ հինգերորդ դասարանում չօգնեցի Վարդուշ տատիկին թթվի վարունգը հասցնել տուն․․․ Կներեք ինձ, աղջիկներ։ Ներիր ինձ, Վարդուշ տատիկ․․․ Չվախենաք, շուտով կգան իսկական ջենտլմենները, նրանք ձեզ կպարգեւեն ազատություն», ֊ աղջիկները բերանները բաց լսում էին Արմանին։ Դադարելով զառանցանքը՝ Բզնունցը դուրս թռավ վագոնից եւ թունելով վազեց դեպի  «Զորավար Անդրանիկ»։


Արամնը որոշեց երաժշտություն չլսել թունելի մեջ՝ լսողությունը կարեւոր էր մթության մեջ։ Սենց դեպքերում միշտ կյանքին ուժ ու ոտքերին ռիթմ էր տալիս, օգնում էր Տիգրան Կարապետիչի չգնահատված պոեզիան․ վազելով քթի տակ կրկնում էր․

Մի պառավ` չտես ու կույս,
Հավաքում էր դաշտում խոտաբույս,

Ոտքի տակով զզվելի ծվվոցով թռավ առնետ։

Ասաց ինձ` իմ աչքի լույս
Սերմ կտամ քեզ միայն դու սուս,
Աղջիկներին կխմեցնես թաքուն,

Ջուրը հատակին սկսեց շատանալ։

Քեզ կսիրեն առանց դադար ու քուն:
Բերանում կենտ ատամը փայլեց,
Ու դանդաղ դեպի անտառ քայլեց:

Արմանը, թողնելով անավարտ Կարապետիչի պոեմը կանգ առավ։ «Էշշ, Իշու գլու՜խ, ավանա՜Կ», ֊ Բզնունցը նոր հասկացավ, որ «Զորավար Անդրանիկ» վազել պետք չէր, կարելի էր հանգիստ դուրս գալ Հրապարակ ու ոտքով արագ հասնել վամպիրների օֆիսին  Էլիտ Պլազայում։ Բայց արդեն ուշ էր ֊ ճանապարհի կեսը անցած էր, եւ մնոմ էր շարունակել վազքը առնետների հետ։

Երկար վազել չստացվեց․

֊ Արմանչիկ, էս ու՞ր առանց տատկին բարեւելու։

Արմանի լեզուն վախից ծանրացավ ու արագ գրավեց բերնի բոլոր դատարկ խոռոչները։ Մի քանի ակնթարթ քարացած վիճակ ու օրգանիզմը սկսեց մանրից հետ գալ․


֊ Այ դու անաստված ջադու, աննպատակ ջրիմուռ, Էլոն Մասկի տատ, Քոֆի Անանի զոքանչ, բա որ ինֆարկտից մեռնեի․․․

֊ Դու ինֆարկտից մեռնողը չես, այ բալամ, դու սիրտ էլ տեղը տեղին չունես, քարի կտոր ա, ֊ գիր բացող Ռիպսիկի հետ Արմանի հարաբերությունները նկարագրվում էին շատ կարճ․ անհասկանալի։ Իրանք իրար համ մի ձեւ չէին սիրում, համ առիթը բաց չէին թողնում երկար շփվելու։  ֊ Արի, մի պահ քովս նստի, հանգստացի։  

֊ Այ կնիկ, ժամանակդ չունեմ։ Եթե մարդուն մետրոյի թունելում վազելուց ես հանդիպում, միշտ հիշի՝ հաստատ շտապում ա։ Փորձված բան ա։

֊ Դու միշտ ես ափալ֊թափալ ու շնչակտուր։ Հիմիկվա ջահելների պես։ Շտապում եք ապրել, բայց մեռնելներդ եք միայն մոտեցնում։

֊ Ռիպսիկ, էսօր տրամդ բարձր ա էրեւում։ Միայն լավ բաներից ես խոսում։ Էլ ինչո՞վ կուրախացնես։ Հա, մոռացա հարցնել՝ էս մթովը ի՞նչ ես է ստեղ անում։ Բա քո նման աղջկան մենակ, մթով հարի՞ր ա։

֊ Բորբոս եմ հավաքում։ Որ աչքը սեւ ջուր ա քաշում, գետնի տակի բորբոսը ամենալավ դեղն ա։

֊ Առաջին անգամ եմ սենց բան լսում։ Բայց դե դու լավ կիմանաս։ Դե ես թռա, պինդ կաց, ու շատ բորբոսի հետ չշփվես, վրեդ կանցնի, առանց էն էլ արդեն կանաչել ես։

Արմանը արդեն անցավ առաջ, երբ պառավը կրկին ձեն տվեց․

֊ Սպասի։ ֊ Արմանը կանգ առավ, բայց նայում էր առաջ։ ֊ Վրեդ նավս կա, նոր տեսա։ Նոր չոռ ա կպել պոչիցդ։ Ուժեղ նավս ա, չեմ հասկանում, որտեղից ես կպցրել։ Շողքիդ գույնն էլ դուրս չի գալի։ Մեջը բան կա․․․ ֊ Ռիպսիկը սկսեց ահավոր բերանը ծռմռելով հորանջել ֊ Վաաա՜յ, էս ինչ նավս ա, վաա՜յ, բալա ջան։

Արմանը լուռ էր, նույնիսկ դեմքով դեպի տատը չէր շուռ գալիս։ Ռիպսիկը ձեռքը տարավ իր տասնյակ վրաքաշ փեշերի տակ, երկար ճռճռացնելով ման եկավ ու հանեց ուզածը։

֊ Առ, էս չարխափանը, կախի վզիդ։ Ա՛ռ,֊ Արմանին ձեռքում հայտնվեց փոքրիկ կաշվե պարկ։ ֊ Մեջը գիլու մազ ա, Բեթղեհեմի օրհնած հող․․ Ու էլի մի քանի բան, քո խելքի բանը չի դու, վզիդ կախի, թող դոշիդ կպնի։

֊ Հաստատ մեջը թքել ես, հը՞։

֊ Բա առանց դրա՞, ֊ Ռիպսիկը խորհրդավոր  ժպիտով նայեց Բզնունցին։  Մի քանի տարի առաջ Արմանին հենց թքելով էր մահվանից փրկել՝ օձի խայթոցից հետո։

֊ Գոհ եմ, սիրունս, ֊ Արմանը քցեց չարխափանը վզին, թեթեւ ռեւերանս արեց ու տրճիկ տալով շարունակեց վազքը։ Բայց սիրտը կախ էր։  Ռիպսիկի զգուշացումներին միշտ լուրջ էր վերաբերում։

* * *


Մի ժամ հետո կեղտոտ, հոգնած, քրտնած ու մրսած, Արմանը վամպիրների մոտ էր։ Թեյի կամ սուրճի ակնկալիք նա չուներ․ սրանք մենակ մի բան էին խմում ու չէին էլ առաջարկում հյուրերին։

֊Տիար Բզնունց, մենք անչափ շնորհակալ ենք Ձեր կողմից տրամադրված տեղեկատվության համար։ Մենք երբեք չենք մոռանա ձեր ներդրումը մեր տեսակի պահպանման գործում․․․

Արմանը առանց էմոցիաների մտածեց․ «Փաստորեն, ինչ֊որ չափով ես էլ դառա բնապահպան»։

Վամպիր Համազասպը մեկնեց Արմանին ծրարը։ Ծրարը լավ թոթոլ էր եւ ծանր․ «Էրնեկ եւրոյով լինի։ Կամ ֆունտով», ֊ Արմանը արնախումների հավերժ երախտագիտությանը չէր հավատում, եւ գերադասում էր կանխիկ դրամական դրսեւորումներ տեղում։

֊Հիմա ի՞նչ ենք անելու, տիար Համազասպ։


֊Դուք ոչինչ, տիար Բզնունց։ Սույնով մենք Ձեզ մաղթում ենք ուրախ երեկո։

֊Սույնով եւ ծրարով ես հեռանում եմ, տիար Համազասպ, ֊ Արմանը շտապեց ․ դուրը ոչ վամպիրներն էին գալիս, ոչ էլ «զաժիգալկա» շենքը։

Թունելով վազելուց, անընդհատ լարվածության մեջ լինելուց այնքան էր հոգնել, որ վերելակի մեջ քիչ էր մնում քներ։ Շենքն էլ արդեն համարյա դատարկվել էր, ձայներ չէին լսվում, լույսերը կիսահանգած էին, միայն երկրորդ հարկում «Ազատությունում” ինչ֊որ եռուզեռ էր․ «Հաստատ էսօր մի բան եղել ա քաղաքում»։

Շենքից դուրս գալով՝ հասկացավ, որ արդեն երեկո է, մթնել էր, լամպերը վառվել էին։ Լավ ցրտոտ էր, օդում թեթեւ մառախուղ էր։ Արմանը հասավ խաչմերուկին։ Մտածում էր տաքսի բռնել, բայց հետո փոշմանեց, որոշեց ոտքով մի քիչ քայլել։ Շիրակ հյուրանոցի մոտ աղմկոտ պարսիկ տուրիստների խումբ էր ավտոբուս լցվում, հարկայինի մոտ կոստյումներով միջին տարիքի, միջին տեսքի տղամարդիկ շտապում էին նստել իրենց շքեղ սեւ մեքենաները՝ ձեւ անելով, որ ապերախտ աշխարհը իրենց ուսերից է կախված։


Դուրս գալով Պրոսպեկտ՝ Արմանը հասկացավ, որ աջ ու ձախ նայելով հասցրել է խելքի գալ, ու արդեն չի շտապում հանդիպել տան դիվանի հետ։ Կանգառները լիքն էին, մարդիկ արդեն աշխատանքից վերադառնում էին տուն՝ հազիվ խցկվելով դեպի աջ ծռված երթուղայինները, որոնք էլ հազիվ էին խցկվում կանգառները։

No comments:

Post a Comment