Sunday, November 20, 2016

Թոխմախի ջենտլմենների ակումբը։ Մաս Ա

Մաս Ա․ Տխուր վամպիրների էլեգիա


Գլուխ Ա․ Լեշերը, Ֆեյսբուքը ու կրկին լեշերը



Նոյեմբերի 5, 2015 թ․

Երեւանում երիտասարդ վամպիր լինելը շատ բարդ գործ է։ Միայն ֆիլմերում է, որ արնախում, արիստոկրատ սփրթնած տղերքը ումից ուզում հեմոգլոբին են, կներեք արտահայտության համար, ներքաշում։ Իրական արյուն ծծողները շատ զգայուն, ազդվող, նույնիսկ՝ նրբանկատ լեշեր են: Առնվազն նիկոտինի եւ մի շարք ալկալոիդների հանդեպ խիստ զգայուն են: Եթե մի կաթիլ նիկոտինը միջին վիճակագրական ձիուն ուղարկում է այն աշխարհ, ապա մարդու սատակը, որը թափառում է Երեւանով, դրանից ահավոր գլխացավ է ստանում: Իսկ միգրենով տառապող վամպիրը աշխարհի ամենադուրեկան զրուցակիցը չէ:
Ինչեւէ, վամպիր Սմբատը առավոտ կանուխ թափառում էր Պրոշյան փողոցով՝
փորձում էր գտնել չծխող չաղլիկ մեկին՝ զուտ սնվելու նպատակով։ Դե հիմա փորձեք գիշերվա հինգին գտնել Երեւանում առողջ եւ չծխող տղամարդու: Կանանց մասին չենք էլ խոսում։ Բարդ էքզիստենցիալ խնդիր է յուրաքանչյուր վամպիրի համար։

․․․Շուրջ բոլորը նորմալ ուտելիք չկար։ Չնայած, ըհը, կարծես մի լավ խմած կարմրաթուշ երիտասարդ հայտնվեց եւ սկսեց ճոճվելով ճեմել փողոցով։ Մեկ, երկու եւ արդեն Սմբատը նշան էր դնում վզին․․․ Բայց վերջին պահին Սմբատի գլխին հանդիպեց ինչ֊որ ծանր եւ կոշտ բան։ Նա չհասցրեց հասկանալ, թե ով, կամ ինչը հարվածեց հետեւից, երբ հայտնվեց շղթայված վիճակում մեքենայում եւ շուտով արաագորեն հեռանում էր դեպքի վայրից ժանգից ծանրացած «զրո֊մեկի» բագաժնիկում․․․

* * *

- Ես ձեզ մարդավարի բացատրում եմ, դուք պետք է ինձ օգնեք փոխանցել իմ բացահայտումը Ամերիկայի դեսպանին։ Կամ գոնե՝ պետքարտուղարին։ Ինձ անպայման հանդիպել է պետք։ Շատ շտա՜պ։

Արման Բզնունցը փակվող աչքերով լսում էր այցելուին, որը արդեն մի քառասուն րոպե հանդիպում էր պահանջում Օբամայի կնոջ կամ ամերիկյան դեսպանի հետ, կամ հակառակը, բայց շատ շտապ։ Արմանի քունը տանում էր եւ կամքը չէր հերիքում բռնել այցելուի ականջներից եւ մի երկու անգամ ճակատը հանդիպեցնել սեղանի հետ։ Կամ քիթը։ Հազիվ կարողանում էր ձեռքերով քարի պես ծանր կոպերը պահել, որ չփակվեն՝ ձեւ անելով, որ գլուխը մտահոգ բռնած շատ ուշադիր լսում է։

-Դուք պարտավոր եք ինձ օգնել։ Պարտավոոո՜րր եք, - այցելուի ձայնը անցավ սոպրանոյի եւ վերջում խզվեց։ - Ինձ ասել են, որ դուք սենց բարդ, անսպասելի հարցերում օգնում եք, - արդեն լացակումած ձայնով շարունակվեց շանտաժը։

- Օգնում ենք, ըհը։ Բայց ձեր անսպասեիլությունը ինչո՞վ է անսպասելի։ Չհաշված, որ թեթեւակի բարդ հանդիպում եք պահանջում Միշիկի հետ։

-Միշիկն ո՞վ է, կներեք:

-Դե Օբամայի կինը էլի, Միշելը:

-Հաաա… Հյուրը երկար լռեց, հայացքը հանգեց: Մեկ էլ նորից աչքերը անառողջ
էնտուզիազմով բոցավառվեցին: - Ես քեզ… այսինքն ձեզ արդեն կես ժամ է փորձում եմ բացատրել, թե ինչու է պետք հանդիպել դեսպանի կամ Միշոյի․․Միշիկի․․․ Միշելի հետ անհապաղ: ԵՍ ԳԻՏԵՄ ՈՎ Է ՍՊԱՆԵԼ ՔԵՆԵԴՈՒՆ, ֊ բղավելով շշնջաց հյուրը:

Արմանի քունը փախավ. - Լու՞ուուրջ․․․ ո՞վ ա որ:

- Մարդու չեք ասի՞․․․Արմանը դաժանաբար լռում էր, այցելուն չդիմացավ․ Սպանություն չի եղել...Ինքնասպանություն էր:

-Վա՛յ: Բա ես գիտեի Մագնետոն է սպանել Քենեդիին: Չե, սպասեք․․․Մագնետոն փորձում էր փրկել, Քենեդին մուտանտ էր: Տենց մի հիանալի եւ տպավորիչ պատմություն, որը ցնցեց ողջ Դալասը…

-Ինչե՜ր եք դուրս տալիս, ինչ Մագնետո, դա ո՞վ է ընդհանրապես: Հերի՜ք եղավ ինձ գժի տեղ դնեք: Ես էլ գիտեի դուք պրոֆեսիոնալ եք: Իսկ իրականում՝ փուչիկ եք, փուչի՜կ, - հյուրը բղավելով եւ ձեռքերով թափահարելով դուրս թռավ «Զավզակ Սըլյուշնս»֊ի գրասենյակից՝ ճանապարհին բրդելով խեղճ Հեղնարին՝ Արմանի սիրունիկ օգնականին։

Հյուրի հեռանալը քշեց Արմանի արդար աշխատանային քունը։«Պարզվում է, Քենեդուց էր քունս տանում։ Ախ, Ժակլին, Ժակլին, վուշ֊վո՜ւշ․․․»։

―Հեղնար, էսօր ինչ գործ ունե՞նք։
―Չունենք․․․ , ֊ տխուր պատասխանեց քարտուղարուհին եւ, միաժամանակ, միակ «Զավզակ Սըլյուշնս»֊ի աշխատակիցը։
―Էդ լա՞վ ա, թե վատ։
―Ես ինչ իմանամ։ Կարեւորը աշխատավարձս չուշացնեք։
―Էգոի՛ստ։ Մերկանտիլ ապո՛ւխտ։ Իսկ ես որ ձանձրանալուց ստեղ սատկեմ, դու չես էլ թաղի ինձ, կթողես ստեղ նեխեմ․․․Սա կյանք չի․․․Քենեդուն էլ էնտեղ ինքնասպանեցին․․․

Էս խոսքերի վրա դռան զանգը տվեցին եւ Հեղնարը անհետացավ։ Շուտով հեռվից լսվեց նրա ձայնը․ «Համեցեք»։ Մի փոքր դադարից հետո նա նորից կրկնվեց․ «Համեցեք․․․ Համեցեք»։ Երեք անգամ ներս են հրավիրում միայն շատ յուրահատուկ հյուրերի։ Արմանը ձգվեց․ ներս մտան երեք սփրթնած անձնավորություն։

֊Տիար Բզնունց, մենք ձեր օգնության կարիքն ունենք, ֊ վամպիրները, ինչպես միշտ, խիստ աշխատանքային էին եւ երկար֊բարակ խոսակցություններ չէին սիրում։ Կարծես, անվերջ ժամանակի պակաս ունեին։ Արմանը սրանց տանել չէր կարող, բայց լեշերը ողջերից լավ էին վճարում, երբեք չէին քցում, ամեն ինչ տեղը տեղին ու ժամանակին։ Մեկ֊մեկ Արմանը նույնիսկ մտածում էր ամեն բանի վրա թքել ու վամպիր դառնալ․ կարգ ու կանոն, հստակություն, ուժեղ ձեռք, ամեն, ինչպես մենք սիրում ենք։

֊Անցեք, նստեք, հարմարվեք, տիար Համազասպ, պատմեք բոլոր հանգամանքները, ֊ վամպիրների հետ Արմանը միշտ փորձում էր բարձր ոճով խոսել, ստացվում էր` ինչպես միշտ ապուշավարի։ Որպեսզի հետո ինքն իրենից չվատանա, մտքում, ամեն նախադասությունից ավելացնում էր “ախխխպե՜րրըս”։

֊Մեր եղբայրն է անհետացել, Սմբատը։ Մենք իրեն այլեւս չենք․․․հը՜մմ․․ ընկալում։ Ուշ գիշերվանից։

֊ Իսկ ինչ֊որ մանրամասներ առկա՞ են, ֊ Արմանը իրեն զգում էր սպիտակ մանժետներով իսպանացի ազնվական։ Որին ցանկանում էր կուլ տալ հսկայական գետաձի։

֊Այո։ Կորել է Պռոշյան փողոցից։ «Դիանա» խորտկարանի մոտից։ Արշալույսին մնում էր մոտ կես ժամ։ Նաեւ անհայտ նենգ էակները թողել են դեպքի վայրում թաշկինակ։ Ահա այն, ֊ տիար Համազասպը երկու մատներով բռնաց՝ մեկնեց զարհուրելի տեսքի եւ քամած մածնի պես թանձր բուրմունքի լաթի կտոր, ենթադրաբար թաշկինակը:

«Երկար աշխատանքային ստաժով թաշկինակ ա երեւում, կյանք, աշխարհ տեսած», ֊ Արամնը զսպեց իրեն․
֊Շնորհակալ եմ։ Անմիջապես կանցնեմ գործի, տիար Համազասպ,֊ Արմանը պահեց թաշկինակը սեղանի մեջ եւ կանգնեց, որ ճանապարհի հյուրերին։

֊Մենք կարողանում ենք երախտապարտ լինել, դուք դա լավ գիտեք, տիար Արման ֊ Արմանը չէր կասկածում․ վամպիրները շինարարության մեջ էին բիզնես անում, պետպատվերները կողքով չէին անցնում՝ իրենց նեղված չէին զգում հաստատ, երբ ցերեկներով պարկում էին քնելու դագաղների մեջ։

Նեղսրտած վամպիրները հեռացան․ սրանց այսպիսի ընկճված Բզնունցը չէր տեսել։ Դուռը փակելուն պես, Արմանը հանեց դարակից ու խունկ վառեց մոխրամանի մեջ՝ քթի տակ մրթմրթալով․ «Դիանա խորտկարան, Դիանա խորտկարան, չէ մի չէ ՝ կրուասանանոց»։ Վամպիրներից հետո խունկը պարտադիր էր՝ դրանցից սենյակում նուրբ մահվան հոտ էր երկար մնում։ Հասարակ մարդը չէր էլ զգա, բայց Արմանը, երկար շփվելով մոգական Երեւանի ընդհատակի հետ, դառել էր ավելի, շատ ավելի զգայուն։ Եվ վամպիրներից հետո օդը մաքրելը անհրաժեշտ բան էր։  

֊ Հեղնաաա՜ր, սոված եմ, ֊ վամպիրները, բացի ամենից, ահավոր ախորժակ էին բացում Արմանի մոտ։ ֊Գորվետկայից լահմաջո պատվիրի, քանի չեմ մեռել սովից։

Գորվետկայի թրոլերի լահմաջուն ամենահամովն էր քաղաքում։ Թե դրանք ոնց էին պատրաստում, պարզ չէր, բայց հաստատ մի բան մեջը ավելացնում էին, անմահական էր ստացվում՝ եթե լահմաջուի մասին ընդհանրապես հնարավոր է նման բան ասել։ Դա իր մինուսները ուներ, պահանջարկը նենց մեծ էր, որ միշտ սպասացնել էին տալիս։ Էլ չասած թրոլերի արագությունը, որի հետ կարող է մրցել միայն ՎՏԲ֊ի կենտրոնական մասնաճյուղը։

Մինչեւ քարտուղարուհին զբաղված էր թրոլերին զանգելով՝ Արմանը մտածում էր, թե ինչից սկսել կորած֊մոլորած վամպիրի գործը։ Մտացրիվ բացեց Ֆեյսբուքը։ Նոյեմբերի հինգը, ինչպես ամեն տարի, շատ կանխատեսելի օր էր․ պատը ամբողջությամբ «Անոնիմուսի» դիմակներով նկարներ էին։ Տպավորություն էր, որ Հայաստանում հաղթել է անարխիստական շարժումը, բոլորը կարդում են Պրուդոն, Կրոպոտկին եւ Բակունին։ Արմանը արագ֊արագ անցավ տնազա֊անարխիստնական գրառումները։ Գալստյան Զորիկը շեքսպիրյան գրառում էր արել․ «Չկա առավել տխուր պատմություն քան հայ ժողովրդի անպատասխան սիրո պատմությունը առ Ռուսաստան»։ Աշոտյանը ինչ֊որ հաղորդում էր սկսում վարել։ Ուրիշ առանձնապես հետաքրքիր բան չգտնվեց։ Մտավ նամակագրությունը ստուգելու։ Ինչպես միշտ, մի քանի հոգի պահանջում էին լայքել իրենց հրեշտակների նկարները․ անպայման մեծացնելուց հետո։

Հերթով նամակները սփամ նշելով՝ Արմանը փորձում էր բաց չթողել նորմալ հաղորդագրությունները։ Մեկ էլ աչքով ընկավ մի անսովոր նամակ։ Գրողը անունը «Խիդր Կանաչ» էր։ «Բնապահպան ա, երեւի»։ Նամակը բացվեց․ «4, 8, 15, 16, 23, 41»։ Արմանը, ինքն էլ չհասկացավ, թե ինչու, ջղայնացավ եւ անմիջապես պատասխան ուղարկեց․ «Եղբայր, թվասխալ ունես, վերջին նիշը խառնել ես, 42 պետք է լինի»։ Հետո անցավ մյուս նամակներին։ Մեկ էլ նորից էս Խիդրից նամակ եկավ․ «4, 8, 15, 16, 23, 41»։ Ու իրար վրա նույն բանը տասնյակ անգամներով։ «Իշու բոթ ա»֊ Արմանը արգելափակեց դրան ու անցավ առաջ։ Մեկ էլ նորից հայտնվեց նույն նամակը․ ․ «4, 8, 15, 16, 23, 41»։ « Այ քեզ բան», ֊ նորից արգելափակեց ու արդեն ուզում էր անցնել հաջորդ էջին, երբ նկատեց հայտնված հաղորդագրությունը․ «It is impossible to ban this user»։

֊«Սենց բան չի լինում», ֊ Արմանը արդեն սկսեց աննկատ բարձրաձայն մտածել։ «Դու կարո՞ղ ա ՀՀԿ֊ի հավաքական ոգին ես»։ Իսկ նույնատիպ նամակների տարափը շարունակվում էր։ Մեկ էլ թվերի մեջ հայտնվեց “բարև” բառը, ինչից հետո էլի կրկնվեց նույն թվերի հոսքը։

֊Բան չեմ հասկանում, ֊ Արամը զուգահեռ մտածում էր ինչ անել էս իշխող կուսակցության պես չհեռացվող ֆեյքին, ֆռթացնելով խմում էր Հեղնարի բերած սուրճը եւ սմս գրում․ պետք էր հանդիպել Պռոշյանի վրա ապրող ուրվականի հետ։ Ուրվականը, Սաքոն, ապրում էր Պռոշյանում, բայց օրվա մեջ երկու ժամ իրավունք ուներ խտանալ, ստանալ մարմնի նման մի բան եւ գնալ  Երեւանի այլ անկյունները հասարակ մարդու պես կյանք վայելելու։ Սաքոն իր ետմահու կյանքում ամենաշատը սիրում էր խինկալի ուտել՝ երեւի ինչ֊որ բան իր անցյալում դրա հետ կապ ուներ, բայց ուրվականը իր նախկին կյանքից խոսել չէր սիրում։ Իսկ խինկալին, ինչպես հայտնի է, սոցիալական ուտելիք է, խաշի պես։ Մենակ, իհարկե, կարելի է ուտել, բայց ․․․


Գլուխ Բ․ Սոված ուրվականները եւ անլվա դերվիշները

Նոյեմբերի 5, 2015 թ․ Օրվա կես



«Խինկալի՞։ Թումանյանի վրա՞։ Մի ժամից՞» ֊ Արմանի սմս֊ը չհասցրեց հասնել տեղ, պատասխանը եկավ անմիջապես․ «AYOOO!!11!!»։

֊Հեղնար, ես թռա խինկալվելու, մի երեք ժամից կլինեմ։ Կոմպիս մեջ չմտնես, սեղանիս դարակները չբացես, չստերս չհագնես էն օրվա պես։

֊Շատ պետքս են ձեր հողաթափերը․․․ ֊ Հեղնարը չավարտեց մունաթախառը պարզաբանումը, քանի որ Արմանը արդեն դուրս էր թռել։

Գլորվելով աստիճաններով, Արմանը շարունակում էր Ֆեյսբուքի մեսենջերով շփվել տարօրինակ ֆեյքի հետ։ Արդեն հասկանալի էր, որ կրկնվող թվերի տարափին հետեւում էին բառեր, հետո ամենը նորից կրկնվոում էր։ Մնում էր պարզապես սպասել եւ թվերի միջից բառերը քաղել։ Արմանը շուտվանից կդադարեր կարդալ թվաբանական բարբաջանքը, բայց քաոսի միջից կառուցվում էր միտք, որը ինչ֊որ բան կարող էր նշանակել։ Բացի դրանից, ներքին ձայնը այսօր տանը չէր մնացել եւ պահանջում էր շարունակել շփումը հանուն անհայտ, բայց լուսավոր ապագայի։ Եթե հաներ կրկնվող թվերը, չաթը Ֆեյսբուքում այսպիսի տեսք ուներ․

֊Բարեւ
֊Բարեւ, ֆեյք
֊Ժամանակ չկա վիճելու, լսիր
֊Լավ, ոնց ասես, ֆեյք
֊Ուշադիր լսիր․ կենտրոնացիր գերեզմանոցի վրա
֊Մի քիչ շո՞ւտ չի
֊Ես գիտեմ, որ դու արնախումի գործով ես զբաղվում…
֊CAR U NAXANZ, DU IN4 IMACAR ES IN4OV EM ZBARVUM?
֊Կարեւոր չէ։ Կենտրոնացիր գերեզմանների վրա։ Վտանգը գալիս է անապատներից։ Մրրիկը կարող է կործանել քաղաքը։ Փոշի։ Մոխիր։ Կենտրոնացիր գերեզմանների վրա։

Սրանից հետո արդեն գնաց միայն կրկնություն։ Անընդհատ նույն բառերը․ «Վերածել մոխրի։ Կենտրոնացիր գերեզմանների վրա»։

Մեսենջերում չաթվելով ու կիսավազվզելով փողոցներով՝ Արմանը հասրցրեց հինգ
անգամ չընկնել մեքենայի տակ, պարսիկ տուրիստներին ցույց տալ ոնց հասնել Կասկադ, նկարել աղջիկների, որոնք սելֆի էին անում Բաբաջանյանի արձանի քթի մոտ։ Տերյանից անցավ Թումանյան՝ արդեն պահելով հեռախոսը հետեւի գրպանում։ Ուրվական Սաքոն խելախոսներից զզվում էր ու ջղայնանում էր, որ իր հետ շփվելու տեղը մարդիկ քթով մտնում էին դրա մեջ։ Որպես հին ուրվական, Սաքոն ընդունում եւ ճանաչում էր միայն ՊՆ հեռախոսները ու շատ հպարտ էր դրանով։

Խինկալիանոցը ամեն անգամ ցնցում էր Արմանին էկլեկտիկ դիզայնով։ Միքելանջելոյի պատկերներն ու տաք խինկալիներից բարձրացող խորհրդավոր գոլորշին իրար հետ առաջացնում էին ուղեղի կիսագնդերի միջեւ անհամերաշխության երեկո, ասել է թե՝ փարթի։ Մյուս կողմից, ուղեղը  արագ տեղն էր ընկնում սպասարկման տեմպից ու համով խինկալիից։

Սաքոն արդեն նստած էր ու անհամբեր տեղում ֆռֆռում էր։ Տեսնելով Արմանին՝ տեղից վեր թռավ․ «Իդալգո, այդ ո՞ւր ես, սոված մեռա»։ Սաքոն տեսքով եւ խոսելաոճով փորձում էր նմանվել Վելասկեսի ժամանակների իսպանացու․ մորուքով, նեղլիկ շորերով։ Ու բոլորին պատմում էր, որ ինքը տասնվեցերորդ դարում սիրահարական հանգամանքներով Երեւան եկած իսպանացի ազնվականի ուրվականն է։ Արամը խաղի կանոններն ընդունում էր, չնայած, որ լավ էլ գիտեր, որ Սաքոն հիսունականներում սյունից ընկած հարբեցող էլեկտրիկի մոլորված, վերեւն ու ներքեւը հոսանքի հարվածից խառնած հոգին է։

Արմանը պատվիրեց տասը խինկալի, Սաքոն՝ միանգամից հիսուն հատ։ Մատուցողը Սաքոյին գիտեր, դրա համար չզարմացավ, թեթեւ հարգալից ժպտաց ու հեռացավ։

֊Դե պատմի, իդալգո Արման, էս ոնց մեկ էլ ինձ, նվաստիս, հիշեցիր, ֊ Սաքոն արդար չէր, Արմանը միշտ չէր մենակ գործով իրան բնից հանում խինկալվելու։

֊Քո թաղերում արնախում ա կորել։ Ենթադրում եմ՝ գողացել են։ Չգիտեմ, թե էդ սառած տոլմեքը ում են պետք, բայց ուրիշ բան չգիտեմ։ Էս գիշեր հաստատ էլի ռոմանտիկ թափառումների մեջ ես էղել, պատմի ինչ ես տեսել։

֊Ճիշտ տեղ ես էկել, Արման եղբայր, ճիշտ տեղ։ Էդ շնչող լեշին ես տեսել եմ, ֊ Սաքոն վամպիրներից զզվում էր։ Իրանք ներկայացնում էին մարմինը կորցրած Սաքոյի նեգատիվը, էքզիստենցիալ հակապատկերը, որի հետ ինքը չէր հարմարվում։ ֊  Ավելին ասեմ՝ ես տեսել եմ, թե դրան ոնց փախցրեցին թազա հարսի պես։ Նենց էլ խունջիկ֊մունջիկ տապալվեց, որ գլխին քարով կերավ․․․

֊Սաքո, հեսա ժամդ անցնելու ա, իսկ դու ստեղ Խուան դե լա Կրուս ես պարապում․․․

Լավ, լսի, ֊ ուրվականը անցավ շշուկի․ դերվիշներ էին։ Խալաթներով, պոպոզներով իրանց, էն սենց, դե գիտես էլի։ Սրանից ավել բան չեմ ասի, շալակեցին լեշին ու վազեցին դեպի Դեմիրճյան, մեքենայի մոտ։ Տրաքած «զրո֊մեկ» էր։

Սաքոն անցավ ֆրթցնելով խինկալիների սպանդի։ Արմանը մտքերով էր ընկել, զուգահեռ կողքի սեղանի ռուս տուրիստների ականջ դնելով․ քննարկվում էր Բաբաջանյանի արձանի քիթը, պլանավորում էին գնալ, երազանք պահել ու շոյել շնչառական օրգանը։ «Էլի էդ քիթը․․․»։  

֊Ամենահամով խինկալին Երեւանում ա, հաստատ, ֊ Սաքոն սկսեց կշտանալ ու անցավ փիլիսոփայական զրույցների։

֊Տո, այ, աննպատակ Արչիմբոլդո, դու որտեղից գիտես, թե ուր ինչ խինկալի ա, դու Պռոշյանից երկու կիլոմետրից հեռու վերջին անգամ քանի՞ դար առաջ ես էղել, ա՛յ աննպատակահարմար Բարտոլոմյու։

֊Հիմա տենց ա, ֊ ուրվականը ձեւ արեց, որ նեղացել ա։

֊Տենց ա, բայց դու ինձանից էդ գիտես, ա՛յ բարձրավոլտաժ գյոռնափշտիկ, ֊ բարի ձայնով ասաց Արմանը ու կողքով վազող մատուցողից խնդրեց հաշիվը․ Սաքոյի ժամանակը ավարտվում էր, պետք էր շտապել։

Ուրվականին հրաժեշտ տալով, Արմանը գնաց Աբովյան փողոցի ուղղությամբ,
թեքվեց ձախ, սկսեց բարձրանալ դեպի Մոսկովյանի խաչմերուկ։ Պետք էր հանդիպել իսլամից գլուխ հանող մեկին, որ դերվիշներին լավ ծանոթ կլիներ։ Մտքերով հավաքվելու համար ականջակալները խրեց մինչեւ վերջ, որ փողոցի ձայները չխանգարեն ու միացրեց Muse֊ի Origin of Symmetry ալբոմը։ Մոսկովյան չհասած՝ Արմանը թեքվեց աջ, դեպի դալանը։ Սկսվեց Space Dementia գործը։

Արմանը դանդաղ մտավ դալան,
H8 is the one for me

նայեց ձախ պատին, որտեղ պատկառելի տղամարդու նկար էր շրջանակի մեջ,
It gives me all I need

նկատեց, որ նկարը, կարծես, սկսեց շարժվել
and helps me co-exist

նկարից անջատվեց գդակով ու խալաթով, բզկտված մազերով ու անխնամ երկար մորուքով մեկը եւ գցվեց Արմանի վրա։ Մյուս պատից նույնպես առանձնացավ ստվեր, որը վերածվեց նույնատիպ բզկտված մեկի։
With the chill


Ստվերներից նյութականաացված դերվիշները երկու կողմից հարձակվեցին Արմանի վրա։
You make me sick

Արմանը աջ ձեռքով հարվածեց ձախ դերվիշի մեծ քթին, ֆռաց, աջ ոտքը առաջ տված՝ գետնին տապալելով աջ խալաթավորին։
Because I adore you so


Մինչեւ աջի դերվիշը ընկնում էր, ձախինը բռունցքով տակից հարված ստացավ ամորձիներին եւ թեթեւ ծլվլաց ցավից՝ ծալվելով։
I love all the dirty tricks

Անսպասելիորեն աջինը հայտնվեց հետեւից եւ հարվածեց Արմանի գլխին, քաշեց ուսերից հետ։
And twisted games you play

Արմանը հայտնվեց մեջքի վրա տապալված, իսկ դերվիշներից մեկը արդեն նստած էր դոշին։
On me

Դերվիշը զգուշորեն հանեց ականջակալները Արմանի ականջներից, կռացավ եւ շշնջաց՝ թքոտելով ականջը․

֊Դու պետք է դադարես։ Ալլհամդուլիլլահ։ Դու մեզ խանգարում ես։ Մեր դուրը սա չի գալիս։ Քիթդ ամեն պուճախ կոխում ես։ Մենք երկար չենք հանդուրժի։ Եթե ուզում ես առավոտներով կոփե խմել, թարգի էս գործը։ Լաիլահաիլլալահ։


Դերվիշները արագ նորից ստվերացան ու լղոզվեցին պատի մեջ։ Մնաց մենակ նեխած ատամների գարշահոտը եւ կես բաժակ թուքը ականջի մեջ։

֊Յախք, արա, յաա՜խք, յաաա՜խք֊ Արմանը զզվանքով բաճկոնի թեւով մաքրում էր փսլնքոտ ականջը։

Կողքով անցավ շատ զարմացած կին։ «Կառավարության վերջին որոշումը նոր կարդացի”,֊ բացատրեց Արմանը, ցույց տալով հեռախոսը։ Կինը բավարարվեց պատասխանով եւ հեռացավ։

Ճոճվելով՝ Արմանը մտավ հայաթ, գնաց դեպի մուտքը, ուր ապրում էր իր միակ ծանոթ երեւանցի իֆրիթը։ Իֆրիթը շուտվանից արտագաղթել էր արաբական անապատներից, անցել էր թոշակի եւ ապրում էր սուսիկ֊փուսիկ։ Ասում էր, որ անունը Սողոմոն է, չնայած, իսկական անունը, հաստատ, շատ ավելի բիրտ հնչողություն ուներ։ Սողոմոն աղան հաճախ օգնում էր Արմանին, քանի որ լավ ճանաչում էր հարավից եկած տարբեր տիպի բոբոների։ Իսկ Արամը դրա դիմաց համաձայնում էր մի քանի ժամ լսել մելանխոլիկ իֆրիթի բազմադարյան ու բազմաչարչար կյանքից դրվագներ ու չքնել։

Բայց այս անգամ ամեն ինչ ուրիշ էր․ Արմանը դեռ բարձրանում էր աստիճաններով, Սողոմոնը արդեն դուռը բաց, դուրս էր եկել ու կանգնած, ձեռքերը գրպաններում, սպասում էր։

֊Մտի։ Ժամանակ չկա։

Արմանը մտավ սենյակ, տեղավորվեց գորգի վրա՝ Սողոմոնը տենց էլ աթոռներին չսովորեց։

֊Հիմա լսի, մանչս։ Էսօր իմ դառը անցյալից բան չեմ պատմի։ Կպատմեմ ձեր դառը ապագայից․․․․ Շա՞տ ուժեղ են ծեծել։

֊Ավելի շատ փսլնքոտեցին ու թքոտեցին։

֊Հա։ Դեռ զգուշացնում են։ Դալաններից ու նեղ փողոցներից հեռու մնա՝ դրանց ստվերներով ամեն մի չարք կարողանում ա ճամփորդել․․․Հիշում եմ, Բաղդադում, Հարունի օրոք․․․ Լավ, կարեւոր չի։ Հիմա լսի, տղաս, սաղ հարցը գերեզմանոցում ա։

֊Կարո՞ղ ա էն ֆըբը ֆեյքը դու ես, Սողոմոն աղա։ Նույն բաներն ես ասում։

֊Ես Ֆըբը֊մըբը չգիտեմ։ Թոխմախում, գերեզմանոցում դերվիշների եղբայրություն կա։ Դրանց մասին կարող ա լսած էլ չլինես։ Ծածուկ, մածուցիկ կյանք են վարում։ Ես իրանց գիտեմ հին ժամանակներից, գիտեմ որպես մոխրահան դերվիշների։ Հիմա չգիտեմ էլ, թե ոնց  ու ով ա դրանց անուն տալիս։

Իֆրիթը հանեց զմրուխտների շարանով թզբեխը ու լռեց՝ սենյակում լսվում էր
միայն քարերի քնացնող շրխկոցը։ Արմանը անհամբեր նստած էր, բայց ձեւ էր անում, որ լրիվ քեյֆի մեջ է գտնվում եւ կյանքից սպասելիքներ չունի։ Կերած խինկալին էս գործին օգնում էր միանշանակ։

֊Հիմա ուշադիր լսի՜, ֊ իֆրիիթը տեղից վեր թռավ ու սկսեց արագ աջ ու ձախ քայլել։

«Անապատի կրակը մեջը դեռ վառվում է», ֊ մտածեց Արմանը։

֊Մոխրահան դերվիշներին շուուտվանից անիծել էն։ Կարեւոր չի, թե ով եւ ինչու, հիմա ժամանակ չկա։ Դրանից հետո սրանք Թոխմախի գերեզմանի չափառից էս կողմ շատ դժվարությամբ են դուրս գալիս, էն էլ շատ կարճ ժամանակով։ Գերեզմանոցի հողը հետ ա կանչում ու բաց չի թողնում պոպոզ գդակավորներին։ Սրանք փորձում են քայլող լեշերիդ օգտագործել, անեցքը դրանց վրա քցելու ու իրանց տեղը գերեզմանոցում թողնելու համար։ Ես սրանց հետ շուտվանից գործ ունեցել եմ։ Ու վերջերս Թոխմախում տեսա, թաղման էի։ Շատ են փոխվել, շատ․․․ Չարացած են։ Աշխարհի վրա։ Քաղաքի վրա, որը իրանց համար զնդան ա․․․

Սողոման աղան կրկին լրեց մի քանի րոպե։

֊Ինձ լուրեր են հասել, որ դերվիշները վերջերս կապի մեջ են Դեր Զորի չարքերի հետ․․․ Որոնք դուրս են պրծել, պատերազմն է դրանց արթնացրել, վռնդել խորը անդունդներից, ուր քնած էին հազարամյակներով․․․ Հասկացա՞ր։ Հասկացա՞ր, թե ինչ ա կատարվում։ Անապատի դեւերը․․․ կարող են հեղեղել քաղաքը։ Հին դեւերը, որոնց շուտվանից մարդիկ չեն տեսել, չեն էլ պատկերացնում, թե դրանք ինչ են կարող անել։ Հասկացա՞ր։ Դուք չեք էլ պատկերացնում, դե դրանք ինչ են․․․

֊Համարյա բան չհասկացա։ Բայց մի բան պարզ ա֊ դրանց Թոխմապից դուրս թողել չի կարելի։

֊Դերվիշներին մի լեշը քիչ ա։ Նենց որ դեռ ժամանակ կա։ Էլի պետք ա գան քաղաք, դրանց տանեն։ Մի քանի օր ունես դեռ․․․Կարող է ընդամենը մեկ օր։ Կարող ա մի հինգ֊վեց։ Բայց հույսդ մի դիր դրա վրա։

֊Պետք ա վամպիրներին շտապ զգուշացնել, թող մտնեն բները ու դուրս չգան, քանի մի բան չենք մտածել, ֊ Արմանը հանեց հեռախոսը։ Ցանց չկար, ֊ Սողոմոն, մի հատ էն նաֆտալինոդ ֆռիկով հեռախոսը բեր։

Սողոմոնը բերեց հնադարյան սեւ հեռախոսը, որի հետեւից ձգվում էր երկար լարը, մի տասը տեղ տարբեր գույների իզոլենտով կապած։ Սրա մեջ էլ ձայն չկար։

֊Մի բան կատարվում ա․․․ Պետք ա շտապ գնաս լեշերի մոտ։ Շտա՜պ։


Սողոմոնը վերցրեց Արմանին վզակոթից ու դուրս քցեց բնակարանից․ «Իմ դալանով ես քեզ կանցկացնեմ։ Բայց, ստեղից դուրս էլ նման տեղեր չմտնես, հիմա խցանումներ են, տեղ չես հասնի, մտի մետրո, գետնի տակ դերվիշները չեն մտնում»։

Երկու րոպե հետո Արմանը վազում էր Աբովյանով վերեւ դեպի Երիտասարդական մետրո։

Գլուխ Գ․ Անդրերեւանյան կիսամարաթոն



Նոյեմբերի 5, 2015 թ․ դեպի երեկո


Մետրոյում համարյա մարդ չկար էս ժամին, բոլորը գերադասում էին օրը անցկացնել խցանման մեջ։ Արմանը վազելով անցավ Երիտասարդականի ձանձրալի միջանցքը․ բախտն էլ բերեց, գնացքը անմիջապես եկավ։ Առջեւում  վամպիրների օֆիսն էր․ «Գնացինք «Զորավար Անդրանիկ»։

Վագոնում ընդամենը երեք աղջիկ էին նստած՝ միասին մտած էին մեջտեղինի հեռախոսի մեջ ու ահավոր ուշադիր ինչ֊որ բան էին կարդում, մենակ լուսավորված քթների ծայրերն էին շարժվում եւ մեկի ցուցամատը՝ էկրանի վրա։

Հրապարակը գնացքը չհասցրեց անցնել, մեկ էլ լույսերը անջատվեցին ու ամեն բան կանգնեց։ Մթան մեջ երեում էին միայն երեք սարսափից սառած քթեր՝ սմարթֆոնի մեռած լույսով շպարված։ Աղջիկները այնքան վախեցած էին, որ նույնիսկ ձայն չէին հանում։ Արմանը փորձեց դուռը ձեռքով բացել՝ անսպասելիորեն հաջողվեց։

«Աղջկերք, կներեք ինձ, ես ձեզ պետք է լքեմ, ես ջենտլմեն չեմ, ես դա գիտեմ։ Ես զրկվեցի ջենտլմեն լինելու հնարավորությունից, երբ հինգերորդ դասարանում չօգնեցի Վարդուշ տատիկին թթվի վարունգը հասցնել տուն․․․ Կներեք ինձ, աղջիկներ։ Ներիր ինձ, Վարդուշ տատիկ․․․ Չվախենաք, շուտով կգան իսկական ջենտլմենները, նրանք ձեզ կպարգեւեն ազատություն», ֊ աղջիկները բերանները բաց լսում էին Արմանին։ Դադարելով զառանցանքը՝ Բզնունցը դուրս թռավ վագոնից եւ թունելով վազեց դեպի  «Զորավար Անդրանիկ»։

Արամնը որոշեց երաժշտություն չլսել թունելի մեջ՝ լսողությունը կարեւոր էր մթության մեջ։ Սենց դեպքերում միշտ կյանքին ուժ ու ոտքերին ռիթմ էր տալիս, օգնում էր Տիգրան Կարապետիչի չգնահատված պոեզիան․ վազելով քթի տակ կրկնում էր․

Մի պառավ` չտես ու կույս,
Հավաքում էր դաշտում խոտաբույս,

Ոտքի տակով զզվելի ծվվոցով թռավ առնետ։

Ասաց ինձ` իմ աչքի լույս
Սերմ կտամ քեզ միայն դու սուս,
Աղջիկներին կխմեցնես թաքուն,

Ջուրը հատակին սկսեց շատանալ։

Քեզ կսիրեն առանց դադար ու քուն:
Բերանում կենտ ատամը փայլեց,
Ու դանդաղ դեպի անտառ քայլեց:

Արմանը, թողնելով անավարտ Կարապետիչի պոեմը կանգ առավ։ «Էշշ, Իշու գլու՜խ, ավանա՜Կ», ֊ Բզնունցը նոր հասկացավ, որ «Զորավար Անդրանիկ» վազել պետք չէր, կարելի էր հանգիստ դուրս գալ Հրապարակ ու ոտքով արագ հասնել վամպիրների օֆիսին  Էլիտ Պլազայում։ Բայց արդեն ուշ էր ֊ ճանապարհի կեսը անցած էր, եւ մնոմ էր շարունակել վազքը առնետների հետ։

Երկար վազել չստացվեց․

֊ Արմանչիկ, էս ու՞ր առանց տատկին բարեւելու։

Արմանի լեզուն վախից ծանրացավ ու արագ գրավեց բերնի բոլոր դատարկ խոռոչները։ Մի քանի ակնթարթ քարացած վիճակ ու օրգանիզմը սկսեց մանրից հետ գալ․


֊ Այ դու անաստված ջադու, աննպատակ ջրիմուռ, Էլոն Մասկի տատ, Քոֆի Անանի զոքանչ, բա որ ինֆարկտից մեռնեի․․․

֊ Դու ինֆարկտից մեռնողը չես, այ բալամ, դու սիրտ էլ տեղը տեղին չունես, քարի կտոր ա, ֊ գիր բացող Ռիպսիկի հետ Արմանի հարաբերությունները նկարագրվում էին շատ կարճ․ անհասկանալի։ Իրանք իրար համ մի ձեւ չէին սիրում, համ առիթը բաց չէին թողնում երկար շփվելու։  ֊ Արի, մի պահ քովս նստի, հանգստացի։  

֊ Այ կնիկ, ժամանակդ չունեմ։ Եթե մարդուն մետրոյի թունելում վազելուց ես հանդիպում, միշտ հիշի՝ հաստատ շտապում ա։ Փորձված բան ա։

֊ Դու միշտ ես ափալ֊թափալ ու շնչակտուր։ Հիմիկվա ջահելների պես։ Շտապում եք ապրել, բայց մեռնելներդ եք միայն մոտեցնում։

֊ Ռիպսիկ, էսօր տրամդ բարձր ա էրեւում։ Միայն լավ բաներից ես խոսում։ Էլ ինչո՞վ կուրախացնես։ Հա, մոռացա հարցնել՝ էս մթովը ի՞նչ ես է ստեղ անում։ Բա քո նման աղջկան մենակ, մթով հարի՞ր ա։

֊ Բորբոս եմ հավաքում։ Որ աչքը սեւ ջուր ա քաշում, գետնի տակի բորբոսը ամենալավ դեղն ա։

֊ Առաջին անգամ եմ սենց բան լսում։ Բայց դե դու լավ կիմանաս։ Դե ես թռա, պինդ կաց, ու շատ բորբոսի հետ չշփվես, վրեդ կանցնի, առանց էն էլ արդեն կանաչել ես։

Արմանը արդեն անցավ առաջ, երբ պառավը կրկին ձեն տվեց․

֊ Սպասի։ ֊ Արմանը կանգ առավ, բայց նայում էր առաջ։ ֊ Վրեդ նավս կա, նոր տեսա։ Նոր չոռ ա կպել պոչիցդ։ Ուժեղ նավս ա, չեմ հասկանում, որտեղից ես կպցրել։ Շողքիդ գույնն էլ դուրս չի գալի։ Մեջը բան կա․․․ ֊ Ռիպսիկը սկսեց ահավոր բերանը ծռմռելով հորանջել ֊ Վաաա՜յ, էս ինչ նավս ա, վաա՜յ, բալա ջան։

Արմանը լուռ էր, նույնիսկ դեմքով դեպի տատը չէր շուռ գալիս։ Ռիպսիկը ձեռքը տարավ իր տասնյակ վրաքաշ փեշերի տակ, երկար ճռճռացնելով ման եկավ ու հանեց ուզածը։

֊ Առ, էս չարխափանը, կախի վզիդ։ Ա՛ռ,֊ Արմանին ձեռքում հայտնվեց փոքրիկ կաշվե պարկ։ ֊ Մեջը գիլու մազ ա, Բեթղեհեմի օրհնած հող․․ Ու էլի մի քանի բան, քո խելքի բանը չի դու, վզիդ կախի, թող դոշիդ կպնի։

֊ Հաստատ մեջը թքել ես, հը՞։

֊ Բա առանց դրա՞, ֊ Ռիպսիկը խորհրդավոր  ժպիտով նայեց Բզնունցին։  Մի քանի տարի առաջ Արմանին հենց թքելով էր մահվանից փրկել՝ օձի խայթոցից հետո։

֊ Գոհ եմ, սիրունս, ֊ Արմանը քցեց չարխափանը վզին, թեթեւ ռեւերանս արեց ու տրճիկ տալով շարունակեց վազքը։ Բայց սիրտը կախ էր։  Ռիպսիկի զգուշացումներին միշտ լուրջ էր վերաբերում։

* * *


Մի ժամ հետո կեղտոտ, հոգնած, քրտնած ու մրսած, Արմանը վամպիրների մոտ էր։ Թեյի կամ սուրճի ակնկալիք նա չուներ․ սրանք մենակ մի բան էին խմում ու չէին էլ առաջարկում հյուրերին։

֊Տիար Բզնունց, մենք անչափ շնորհակալ ենք Ձեր կողմից տրամադրված տեղեկատվության համար։ Մենք երբեք չենք մոռանա ձեր ներդրումը մեր տեսակի պահպանման գործում․․․

Արմանը առանց էմոցիաների մտածեց․ «Փաստորեն, ինչ֊որ չափով ես էլ դառա բնապահպան»։

Վամպիր Համազասպը մեկնեց Արմանին ծրարը։ Ծրարը լավ թոթոլ էր եւ ծանր․ «Էրնեկ եւրոյով լինի։ Կամ ֆունտով», ֊ Արմանը արնախումների հավերժ երախտագիտությանը չէր հավատում, եւ գերադասում էր կանխիկ դրամական դրսեւորումներ տեղում։

֊Հիմա ի՞նչ ենք անելու, տիար Համազասպ։


֊Դուք ոչինչ, տիար Բզնունց։ Սույնով մենք Ձեզ մաղթում ենք ուրախ երեկո։

֊Սույնով եւ ծրարով ես հեռանում եմ, տիար Համազասպ, ֊ Արմանը շտապեց ․ դուրը ոչ վամպիրներն էին գալիս, ոչ էլ «զաժիգալկա» շենքը։

Թունելով վազելուց, անընդհատ լարվածության մեջ լինելուց այնքան էր հոգնել, որ վերելակի մեջ քիչ էր մնում քներ։ Շենքն էլ արդեն համարյա դատարկվել էր, ձայներ չէին լսվում, լույսերը կիսահանգած էին, միայն երկրորդ հարկում «Ազատությունում” ինչ֊որ եռուզեռ էր․ «Հաստատ էսօր մի բան եղել ա քաղաքում»։

Շենքից դուրս գալով՝ հասկացավ, որ արդեն երեկո է, մթնել էր, լամպերը վառվել էին։ Լավ ցրտոտ էր, օդում թեթեւ մառախուղ էր։ Արմանը հասավ խաչմերուկին։ Մտածում էր տաքսի բռնել, բայց հետո փոշմանեց, որոշեց ոտքով մի քիչ քայլել։ Շիրակ հյուրանոցի մոտ աղմկոտ պարսիկ տուրիստների խումբ էր ավտոբուս լցվում, հարկայինի մոտ կոստյումներով միջին տարիքի, միջին տեսքի տղամարդիկ շտապում էին նստել իրենց շքեղ սեւ մեքենաները՝ ձեւ անելով, որ ապերախտ աշխարհը իրենց ուսերից է կախված։


Դուրս գալով Պրոսպեկտ՝ Արմանը հասկացավ, որ աջ ու ձախ նայելով հասցրել է խելքի գալ, ու արդեն չի շտապում հանդիպել տան դիվանի հետ։ Կանգառները լիքն էին, մարդիկ արդեն աշխատանքից վերադառնում էին տուն՝ հազիվ խցկվելով դեպի աջ ծռված երթուղայինները, որոնք էլ հազիվ էին խցկվում կանգառները։

Գլուխ Դ․ «Երեւանի խաչմերուկների հեքիաթները»



Նոյեմբերի 5, 2015 թ․ երեկո

Անցնելով հերթական տռզած կանգառը՝ Արմանը մտավ «Բուկինիստ»։ Վերեւի հարկում շուտվանից երկար չէր մնում, քանի որ մի անգամ կարդացվող գրքերի վրա փող ծախսելը համարում էր հանցագործություն․ ցանցն ապրած կենա։ Իրականում, ավելի շատ փողն էր ափսոսում, բայց բոլորին բնապահպանական բացատրություններ էր տալիս, չնայած, որ Ամազոնկայի անտառների ճակատագիրը իրեն հետաքրքրում էր անմիջապես Լեոնարդ Պելտիերի ազատագրման հարցից հետո, որի մասին մինչեւ վերջերս համոզված էր, որ արդեն շուտվանից մահացել է բանտում։

Մասոնների եւ իլյումինատների բազմաթիվ դավադրությունների մասին գրականության մոտ կանգնած էր Արմանին մի քանի հին գործերից ծանոթ դեւը։ Սա վախտին Մեզենդերանից էր Երեւան գործերով եկել ու տենց էլ մնացել էր, անհասկանալի առեւտրով էր զբաղվում Հայաստանի ու Պարսկաստանի միջեւ, Աքաթաշ անբարեհունչ անունը փոխել էր, ներակայանում էր որպես Արտաշ։ Արմանի դուրը դեւը հեչ չէր գալիս, դրան համարում էր «հիմար գյադա ու իզվռաշեն»։ Բայց քանի որ Արտաշը միշտ փող ուներ ու հավեսով վճարում էր Բզնունցին, ինքը դեւի հետ միշտ ժպտալով էր խոսում։

֊Բարեւ, հոպար, ֊ Արմանը ձեռքով արեց դեւին, որը թեթեւ գլխով բարեւեց։ Արտաշը, երեւի, հասցրել էր ռուսերեն սովորել, քանի որ կլանված թերթում էր մի ռուս քահանայի հաստափոր գիրքը, որն ապացուցում էր, որ աշխարհը զավթել են հրեաները, մասոնները եւ Մոնակոյի մի քանի հարուստ բնակիչ։  

֊Լավ, հոպար, չխանգարեմ։ Մենակ զգուշ, գիշերը վատ երազներ չտեսնես, ֊ Արմանը իջավ ներքեւ՝ բուկինիստական բաժին։ Խանութը փակվելու վրա էր, դրա համար արագ անցավ պահարաններով, նկատեց, որ վերջին մտնելուց շատ բան չի փոխվել։ Բայց քանի ձեռքը փող էր ընկել, որոշեց մի բան առնել։ Վերջին պահին աչքով ընկավ․ «Хайнлан. Кукловоды»։ Գինն ընդհամենը հինգ հարյուր դրամ էր։

֊Լավ, համոզեցիք, կվերցնեմ։ Համ էժան ա։ Համ էլ, մեկ էլ բախտս բերի, լրիվ տարբերակը լինի, առնց ցենզուրայի։ The free men are coming to kill you! Death and Destruction! ֊ քթի տակ մրթմրթալով Արմանը բարձրացավ, արագ վճարեց ու խանութից դուրս եկավ․ դուռը արդեն մուտքի համար փակել էին ու իրեն էին սպասում, որ կողպեն։ Արտաշ դեւը, բարեբախտաբար, հասցրել էր անհետանալ։

Պռոսպեկտով քայլելով՝ Արմանը Ֆեսյբուքում նայում էր իվենթների հրավերների բաժինը, որ հասկանար, թե ուր կարելի է գնալ՝ երեկոն մենակ չսպանելու համար։ Ասլանյան Արոն էր հրավիրել ինչ֊որ տեղ, բայց պարզվեց վաղն Է։ «Լեոնը» Թումոյում նայելու հավես չկար, հազար անգամ տեսած կինո է, ինքն էլ արդեն ուշացած էր հասնելու։ Ըհը․ հենց կողքը Venue֊ում, Rozen Tal ու Degh սեյշն են անում իննին։

֊Սպասեք ինձ, ես գալիս եմ, ֊ Արմանը արագացրեց քայլը, որ ձեռքի հետ համ էլ տաքանա։

Venue֊ն, ինչպես միշտ, դիմավորեց ժպտացող դեմքերով, որոնք ցրված էին զալով մեկ ու թաքնված թունդ ծխի մեջ։ Սեյշնը չէր սկսվել, երաժիշտները քաոտիկ շարժումներով ձեւ էին անում, որ պատրաստում են ապարատուրան, հնչում էր ֆոնային Ֆլոյդ։


֊Խախանդիսսիմո,֊ կյանքից գոհ Արմանը նստեց անկյունում, հանեց հեռախոսը, սիգարետները ու Հայնլայնին, պատվիրեց Կիլիկիա։ Շուտով գարեջուրը դեմն էր, ծխախոտը ծխվում էր, Ֆեսյբուքում առանձնապես բան չկար, նոթիֆիքեյշնների կեսից շատը մի հոգուց էր․ քաղաքապետարանում եսիմ որ վարչության պետից։ Էս մարդը օր ու գիշեր տարբեր խաղեր էր խաղում ու հրավերներ ուղարկում։ Վատը նա էր, որ սա բարեկամ էր, ինքն էլ չամուռ․ զանգում, հարցնում էր, թե իրա վերջին հանրային կարեւորություն ունեցող գրառումը ինչու չի մեկնաբանվել։ Ընկերներից հանել չէր լինում, խաղերը բլոկ անելն էր չէր օգնում․ օրը մի քանի նոր խաղ էր սկսում, քանի ձեռքի հետ քաղաքի բարեկեցության մասին էր անդադար մտածում։

Խմբերը սկսեցին հավաքվել ու մանրից համերգը սկսվեց։ Արմանը բացեց գիրքը՝ երաժշտությունը իսկական Հայնլայնի համար էր։ Բայց այ քեզ բան․ կազմի մեջ գրամեքենայով մեսրոպատառ տպած դեղնած թերթեր էին։ Արմանը առաջ, հետ գնաց․ ամեն ինչ պարզ էր․ Հայլայնից մենակ կազմն էր։ Ինչ֊որ մեկը հին սովետական դիսիդենտական մեթոդներով ուրիշ գիրք էր թաքցրել սրա մեջ։ Մի քանի դատարկ առաջին էջերից հետո Արմանը գտավ վերնագիրը․ «Երեւանի խաչմերուկների հեքիաթները»։ Հեղինակը նշված էր երկու տառով․ Ա․Ա․։ Հաջորդ էջը բացում էր առաջին գլուխը, շատ տեխնիկական հնչող վերնագրով․ «Պռոսպեկտ֊Ամիրյան խաչմերուկ։ Կեսգիշեր»։ Երաժշտությունը սկսեց ավելի ծանրանալ, իսկ Արմանը քթով մտավ թերթերի մեջ․

Լինում է, չի լինում մի մարդ է լինում, անունը՝ Գուրգեն։ Ընկերները իրան, երբ դրանք դեռ կային, Գուգո էին ասում, տնեցիք Գուրիկ կամ էլի Գուգո կասեին, բայց էս մարդը տնեցի էլ չուներ։ Իրա բոլոր տնեցիներն ու ընկերները մեռել էին Լեննականի Մեծ ժաժքի ժամանակ։ Ինքն էլ ամեն բան թողել, էկել, Երեւանում էր ապրում։ Աշխատում էր Զիգզագի վերանորոգման օֆիսում․ ոսկի ձեռքեր ուներ, օր ու գիշեր աշխատում էր, մարդկանց վերադարձնում էր իրենց սիրված փոշեկուլներն ու սառնարանները, նենց, որ նույն դուրեկան դռռոցը հանեն։

Մի բան էր վատ․ Գուգոյի սիրտը 88 դեկտեմբերի յոթի կեսօրին կանգ էր առել ու էլ տեղից չէր շարժվում։ Առանձնապես նեղություն կյանքում դա Գուրգենին չէր պատճառում արդեն շուտվանից, մենակ պետք էր հիշել, որ բժիշկների ձեռքը չընկնի, հանկարծ սիրտը չլսեն։ Բայց սրտի հետ մեջը ժամանակն էլ էր կանգ առել։ Գուգոն էդ օրվանից լավ գիտեր, որ ժամանակը մարդ սրտի բաբախումներով ա հաշվում։ Իսկ հիմա իր մեջ ժամանակ էլ չէր մնացել։ Կյանքը դառել էր միապաղաղ, մի օրը մյուսից չէր տարբերվում։ Հիշողություններն էլ սառել էին միապաղաղության մեջ պարուրված։ Երկար ժամանակ Գուրգենը շատ գոհ էր եւ նույնիսկ վախենում էր, որ հանկարծ մի օր սիրտը կսկսի բաբախել։ Առաջին իսկ զարկից հիշողությունները կվերադառնային, եւ Գուգոն տեղում կմեռներ, չէր դիմանա տնեցիների ու ընկերների մասին մտքերից։

Տարիներ անց նա սկսեց նկատել, որ կյանքն իր մեջը մի սխալ ունի, մի բան փչացել ա մեջը։ Բայց քանի որ չգիտեր, ոնց սխալը գտնել ու ուղղել, աշխատում էր նման մտքերը հեռացնել գլխից։

Օրերից մի օր Գուրգենս շատ երկար մնաց գործի տեղը։ Էդ օրը չափից շատ փոշեկուլ ու սառնարան էին բերել։ Արդեն վաղուց բոլորը գնացել էին տուն, իսկ Գուգոն աշխատում էր։ Երբ գործը ավարտեց, հասկացավ, ժամացույցին նայելով, որ արդեն ուշ գիշեր է։ Քանի որ Գուրգենը ժամանակը չէր զգում, խնայողությունից ելնելով, քաղաքային տրանսպորտից չէր օգտվում, իրեն մեկ էր, թե երբ տուն կհասնի։ Տանն էլ մարդ չկար սպասող։

Այդ գիշեր էլ նա անցավ երկար ճանապարհ՝ Չարենցով, Սայաթ֊Նովայով, Պրոսպեկտով։ Գուրգենը հասավ Ամիրյանի խաչմերուկ, տան մոտ էր արդեն համարյա։ Շուրջը ոչ մարդ կար, ոչ մեքենա։ Ոչ ձայն կար, ոչ քամի։ Ոչ լույս կար լապտերների մեջ, ոչ աստղ ամպամած երկնքում։ Միայն խաչմերուկի կենտրոնում նստած էր, ոտքերը ծալած Սատանան։

֊Գուրգեն, էս չե՞ս բարեւում։

֊Բարեւ։ Մենք ծանո՞թ ենք։

֊Մենք չգիտեմ, բայց ես քեզ լավ գիտեմ։ Չնայած, որ էս անդուր կանաչ բաճկոնն ես հագել․․․ Ու շուտվանից ստեղ նստած սպասում եմ։

֊Էսօր գործից ուշ դուրս էկա, դրա համար ուշացա։

֊Ես էսօր չեմ սպասում։ Ես էն օրվանից եմ սպասում, երբ դադարեցի լսել սրտիդ թրխկոցը։ Ուրիշը կուրախանար, որ էս զզվելի աղմուկը գոնե մի քիչ պակսեց։ Բայց ես տենց կարճամիտ չեմ, Գուգո ջան։ Երբ մեկից ձայները պակսում են, ես հասկանում եմ, որ էդ մեկը, Գուրիկ ջան, փորձում ա ինձանից ծլկի։ Իսկ ինձանից, Գուրգեն ջան, չի կարելի ծլկել։ Ես ներդրումները ատամներով եմ պաշտպանում։ Դու ինձ հասկանում ես, չէ՞։

֊Պարոն, դուք ի՞նչ եք ինձանից ուզում։

֊Այ սա ներկայացման ամենակարեւոր մասն ա, Գուրգենիո։ Մենք մոտենում ենք կատարսիսին։ ԵՍ ԻՆՔՍ ՉԳԻՏԵՄ, ԹԵ ԻՆՉ ԵՄ ՔԵԶՆԻՑ ՈՒԶՈՒՄ։ Ու դա ինձ խիստ մտահոգում է․․․ ― Սատանան լռեց, գլուխը կախեց, իր սեւ մտքերովն ընկավ։

֊Գուգո, գիտես, թե ես ինչո՞վ եմ տարբերվում Համլետից։

֊Երեւի տարիքով։

֊Հումորիստ․․․Չէ, Գուրիկ ջան, նրանով, որ ես միշտ գիտեմ, թե ուրիշներից ինչ եմ ուզում։ Իսկ քո դեպքում ես ինձ խլնքոտ Համլետի պես եմ զգում։ Ու դա ինձ նեռռռռվայնացնում ա, Գուրգեն։

֊Բա ի՞նչ անենք, պարոն։

֊Գիտե՞ս խնդիրն ինչում է, Գուրգեն։ Եթե դու սովորական մարդ լինեիր, ես քեզ մի բան կառաջարկեի քո հոգու դիմաց։ Մի հիանալի բան։ Մենք գեղեցիկ բարտերային գործարկ կիրականացնեինք, ճկուն զեղչային համակարգով։ Բայց քո դեպքում տեսնում եմ, որ առաջարկելու բան չունեմ։ Քեզ ոչ փետուր ա պետք, ոչ բմբուլ։ Դու էլ, իմ լավ ընկեր Կարլի ասած, պահանջարկ չունես ոչ մի բանի։

֊Հմմ․․․

֊Գուրգեն, ստեղ արի, նստի կողքըս, խորատա էնենք, հասկընանք, ինչ բըդի էնենք, ֊ Սատանան ափով մի քանի անգամ զարկեց իր կողքի ասֆալտին։

Սկսեց ձյուն գալ։

Մի քանի ժամ հետո փողոցը ավլող Նարգիզը խաչմերուկի կենտրոնում հայտնաբերեց արդեն սառած մարդու մարմինը։ Կանաչ բաճկոնով մարդը նստած էր ասֆալտին՝ ոտքերը ծալած։ Նրա աչքերը բաց էին, դեմքին ժպիտ․ կարծես ինչ֊որ հին ընկերոջ էր անսպասելի հանդիպել․․․

Վերեւից շրխկոցով ընկավ երեք խնձոր։ Մեկը՝ Նարգիզին։ Երկուսը մնացին անտեր։


Համերգը շարունակվում էր։ Արմանը քնել էր դեմքով գրքի վրա։ Քիթը նայում էր հաջորդ գլխին․ «Սայաթ֊Նովա ֊ Խանջյան Խաչմերուկ։ Արեւածագ»։

Քաղաքի մյուս ծայրում, Թոխմախի կողմերը վիճակը շատ ավելի արթուն էր։ Վամպիրների մարտական ջոկատները անձրեւի տակ գրոհում էին գերեզմանոցը երեք ուղղություններվ։ Վարդաշենի կողմից մտնում էին լեշերի հիմնական ուժերը։ Քաղաքի վերեւներում ուժեղ կայծակ էր։

Գլուխ Ե․ Ժուկով & Ժամանակով


Նոյեմբերի 6, 2015 թ․, առավոտոտ


Քա՜ք ես կերել։

***

Արմանի օրը ամենասկզբից սխալ էր մեկնարկել։ Առավոտ պարզվեց սուրճը պրծել է, Չայկոֆում, թարսի պես, աղացը փչացել էր․ ֆիլտրի համար խոշոր չէին կարողանում աղալ։ Սրճարանում ֆիլտր չունեին, ինչպես միշտ փորձում էին ամերիկանո սաղացնել։ Նյարդայնացած, չսափրված՝ սրճային ոդիսականի պատճառով լրիվ մոռացել էր ֊ Արմանը եկավ գործի «Զավզակ Սըլյուշնս» ու միանգամից գերության մեջ ընկավ ամենատխուր կլիենտներից մեկի ձեռքը։ Սա, դեռ օֆիսը չբացված, եկել էր ու աթանդա կանգնել դռան մոտ, հետո Հեղնարին վերցրել էր պատանդ՝ իրա դանդաղ ու ձանձրալի պատմություններով կկտանքների ենթարկում։

Այցելուն Ռոբերտ Սարհատիչն էր, բժիժկ֊գինեկոլոգ։ Սարհատիչը ձեռքի հետ հանդիսանում էր նաեւ Հայասանի էլֆերի ասոցիացիայի նախագահը։ Սրա տատը Մեղրիի կողմերից հուրի֊փերի էր, ինչից էլ օգտվում էր գինեկոլոգը՝ ասոցիացիայում մանրից առաջ գնալու համար։ Ասում են, վախտին էլֆերի ակումբում իսկապես էլֆեր էին հավաքվում, հիմնականում թեյ խմում ու հիշում իրենց ոսկե դարաշրջանի պատմությունները։ Բայց հիմա այստեղ մենակ Սարհատիչի պես դեմքեր էին․ ցմփոր, ճաղատ, մեծ մասն էլ պրոստատիտով տառապող։ ՈՒ հիմա Ռոբերտ Սարհատիչը պահանջում էր, որ Արմանը իրեն օգնի վնասազերծել մրցակից Հայաստանի ազատ էլֆերի ասոցիացիան, որը բացվել էր երկու ամիս առաջ ու արդեն վերմակը քաշում էր իր վրա։

֊ Դու հասկանո՞ւմ ես, ես էսքան ամագ եմ տվել, զրոյից եմ աճացրել մեր ասոցիացիան, գիշերներ չեմ քնել, սաղ իմ գրպանից եմ ֆինանսավորել։ Ու ինչ֊որ չնթռլոներ գալիս են ու իրանց ներկայացնում են որպես իսկական էլֆեր։ Արա, դուք ու՞ր էիք, երբ Ռոբերտ Սարհատիչը արդեն Չինաստանի ուրվականների միավորման հետ պայմանագիր էր կնքում։ Դուք ու՞ր եիք, արյաաա՜, երբ Ռոբերտ Սարհատիչը էլֆերի գործը առաջ էր տանում Ռուսաստաններում, Սիկտիվկարում ու Տագանրոգում։

Սա արդեն մոտ մեկ ժամ էր տեւում։ Արդեն հիշատակվել էին Ռոբերտ Սարհատիչի բազմակողմանի եւ ինքնազոհ կյանքից մի քանի տասնյակ դրվագներ։ Եվ ավարտը չէր էլ երեւում։ Առաջին կես ժամը Արմանը բավականին հանգիստ անցկացրեց, քանի որ Հեղնարը բերեց վերջապես մարդավարի սուրճ։ Արմանը խմում էր սուրճը դանդաղ, ամեն կումը վայելելով։ Ու ամեն մեկուկես րոպեն մեկ գլխով են անում՝ իբր լսում է եւ հասկանում։ Բայց հենց սուրճն ավարտվեց, իրավիճակը անդառնալի վերածվեց անտանելիի։

֊Դու հիմա հասկացար, որ պետք ա ամեն ինչ անես, որ դրանց վերջը տաս՞, ֊ Ռոբերտ Սարհատիչը շարունակում էր ինքն իրենից խորը եւ աշխատանքային բնույթի էքստազ վերապրել։

֊Ռոբերտ Սարհատովիչ, հասկանում եք, ես տենց բաներով երբեք չեմ զբաղվել․․․ Արմանը փորձեց առաջին անգամ բարեւելուց հետո ձայն հանել։ Շատ անհաջող փորձ էր։

-Քա՜ք ես կերել։ ֊ Սարհատիչը կարմրեց, ֊ Տո դու ով դառար, որ հակաճառես ինձ, ի՜նձ, այ փիչխա, ալ լակոտ, ֊ նա տեղից վեր թռավ եւ արդեն կանգնած էր շարունակում կարմրել եւ թքոտել շրջակա միջավայրը։

Արմանը մի հինգ րոպե լուրջ դեմքով լուռ նայում էր դիմացինին։ Մտքում փորձում էր հիշել՝գազն ու ջուրը վճարել է էս ամսվա, թե չէ։ Երբ հիշեց, որ արդեն հասցրել է վճարել, գիտակցությունը հետ եկավ սենյակ ու խիստ զայրացավ կարմրած ցմփորի վարվելակերպից։ Բայց բիզնեսը մնում էր բիզնես, իսկ էլֆ կլիենտը լավ կապեր ուներ, նեղացնել չարժեր։ Պետք էր վիճակը հարթեցնել։

֊ Սարհատիչ, դուք լավ գիտեք, որ ես քեզ․․․ըըը․․․ձեզ պետք էկած ժամանակ օգնում եմ։ Բայց հիմա էս գործը իմը չի։ Արի կլնի, ես ձեզ մի հատ լավ սեւ փիարով զբաղվողի համար տամ, իրան զանգեք։ Ինքը համ էլ քաղտեխնոլոգ ա, համ փիարչիկ, համ մուտիլյովշիկ։ Կրուտիտի ու մուտիտի կարմիր դիպլոմ ունի։

***

Սարհատիչից հետո պետք էր ուշքի գալ։ Արմանը մտավ ցանց։ Թոխմախում գիշերը այնքան թեժ էր անցել, որ շատերն էին նկատել, որ հասարակ կայծակ ու փոթորիկ չի եղել։ Շամշյանը գրում էր, որ Թոխմախի մոտ ծիծակ համարներով յաշիկների մասնակցությաբ մեծ վթար ա եղել։ «Լրագիր»֊ը համոզված էր, որ Թոխմախում Ռուսաստանի զորքերը գաղտնի բազա են տեղադրել եւ փորձարկում են էլ ավելի գաղտնի զենքեր՝ ստիպելով ՆԱՏՈ֊յին զորք մտցնել Հայաստան։ «Հրապարակը» հղում էր տալիս իր աղբյուրներին Պետդեպում եւ Պենտագոնում, ու վստահեցնում, որ հակառակը, Թոխմախում տեղադրվում է ամերիկյան հետախուզային բազա, եւ գիշերներով իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնք խաթարում են քաղաքացիների անդորրը։

Արմանի կոֆեինը օրգանիզմում մաշվեց էս ամենը կարդալուց։


֊ Հեղնաաա՜ր, կոփես, կոփես բեր։ Ես սրանց ձեռը կխելռեմ։

֊ Հեչ անպայման չէ սենց գոռալ։ Մարդուն լեզուն տրված է խոսքի համար, ոչ թե բղավելու, ֊ սուրճը մի քանի ակընթարթ հետո Արմանի սեղանին էր, մի փուդ մուննաթն էլ հետը։

Հեղնարին դատարկ հայացքով ճանապարհելով, Արմանը խորասուզվեց ծանր մտքերի մեջ։ Թոխմախում հարցերը լուծված չեն, դա միանշանակ է։ Լեշերը հաստատ իրենց սփրթնոյին վերցրել, տարել են։ Բայց դերվիշները հո չեն կորել, հանգիստ տեղները չեն սթրվի․․․Իսկ վամպիրներին մնացածները չեն հետաքրքրում, քաղաքը չի հետաքրքրում։ Իրենք գործը մինչեւ վերջ տանողը չեն։ Հատկապես, որ պարզ էլ չէ, թե գործի ավարտը որն է այս դեպքում, եթե քո կլիենտները գերեզմանոցում են ապրում։

Արմանը ահավոր հավես չուներ այս ամենի մեջ թաթախվելու։ Բայց հասկանում էր, որ իրենից բացի զբաղվող չի լինելու։

֊ Հեղնար, ես լքում եմ քո տխուր հոգու միջավայրը։ Դուռը փակիր հետեւիցս, ես գնում եմ։

Պետք էր հասկանալ, ոնց շարունակել գործը։ Վամպիրները վայբերով շատ կարճ բացատրեցին, որ իրենց մոտ ամեն բան տեղին է եւ իրենք ցանկություն չունեն շարունակելու խոսակցությունը։ Ուրեմն մնում էր Սողոմոնը, գոնե ուղղություն կտար։

Մեքենան դեռ դզում֊փչում էին։ Ջիջի կանչել չստացվեց, էսօրվա ապդեյթից հետո օֆիսի տեղը չէր գտնում։ Նենց որ փողոցից մեքենա բռնեց, որ գնա Սողոմոն աղայի մոտ։

Տաքսիում Արմանը որոշեց նախահարձակ լինել։ Առաջին իսկ կարմիր լույսի ժամանակ, երբ Դեմիրճյանից թեքվում էին Բաղրամյան, ու երկար լրվել էին, հայտարարեց, որ Մոսկվաներում սենց չի էլի․

֊ Ախպեր, Մոսկվա խի սե՞նց ա, խի ջիպը կարող ա գա, դեմդ կտրի։ Տեղում տրավմատիկան հանում ես ու էդ օլիգարխի լակոտի ճակատին հերթով շարում, պադրոններով ճակտին վանկերով գրում ես․ Զա օբոռոնու Սեւաստոպոլյա։ Որովհետեւ օրենքի երկիր ա։ Պուտինը սաղ տեղն ա դրել։ Էս իինշ վիճակ ա ստեղ։ Ստեղ վիճակ չի։

Հետեւեց հստակ հաշվարկած դրամատիկական դադարը, որի ընթացքում վարորդի հայացքը յոթ անգամ փոխվեց․ զարմանք, ճանաչում, դեպրեսիա, արտահայտվելու խիստ ցանկություն, կասկած, կռահում, կարճաժամկետ պայծառացում։  Պահը հենց հասունացավ, Արմանը թույլ չտվեց վարորդը բերանը բացի եւ շարունակեց, մինչ մեքենան սկսեց շարժվելը․

֊ Տես, Սաշիկը ընդեղ ա իրա կեսը վերցնում, Օբաման՝ ստեղ, մեզ դրանից հետո հազիվ մի քսանյոթ տոկոս ա մնում։ Մայդանն էլ ընդեղ իրա հերթին։ Էլ չեմ ասում մասոնների մասին։ Ջոգում ես, ինչքան բարդ ա ինձ իմ բիզնեսները Մոսկվա ու Սիկտիվկար առաջ տանելը, էլ Սարհատիչի մամենդը չասեմ․․․ Չգիտե՜մ, չգիտե՜մ․․․

Այս պահից վարորդի մոտ սկսվեց երկարաժամկետ, ցիլկիկ մեդիտացիա։ Արմանը կարող էր հանգիստ մտածել լռության մեջ։

«Դերվիշները շատ մեղմիկն էին իմ հետ։ Հավատս չի գալիս, որ էս տղերքն են սաղ կիլդիմը սկսել։ Մի բան էն չի, ոնց երեւում ա։ Էս գերեզմանոցի տակը ավելի խորն ա․․․”

֊ Շեֆ, ստեղ պահի, սդաչի պետք չի, ֊ հազարանոցը անցավ մտքերով ընկած լուռ վարորդին։

Արմանը վախվխելով մտավ դալանը, արագ հասավ Սողոմոնի տան շեմին։ Դուռը փակ չէր․ բացված էր այնքան, որ ներսից կարմիր ծանր վարագույրների լույսն էր բոցավառվում։

֊ Սողոմոն աղա, ա վոտ ի յա, ֊ Արմանը դուռը թեթեւ թակեց, մտավ ներս։ Սենյակում քաոս էր, մութաքիները բոլորը գցած էին, պատին ցփնած արյան  հետքեր էին։ Սողոմոնը չկար։ Մի բան էր լավ, արյունը կարմիր էր, իսկ իֆրիտինը կանաչ է։ Գոնե հույսեր կային, որ տեղում չեն մորթել իֆրիտին։ Չնայած, Արմանը կասկածում էր, որ նման բան ընդհանրապես Սողոմոնի հետ հնարավոր էր անել։

Արմանը հասկացավ, որ կանգնած է սենյակի կենտրոնում ու ահավոր վախեցած է։ Անընդհատ թվում էր, որ մեկը հետեւից մոտենում է։ Արագ շրջվեց․ բան չկար։ Բայց զգացմունքը չկորավ։ Ռիպսիկի ասածն էլ իրա հերթին բուսնեց գիտակցության մեջ ու ամենաանդուր կերպով համեմեց վախի թանձր բուլյոնը, որի մեջ լող էր տալիս Բզնունց Արմանի հոգին։

֊ Ժամանակն է դիմել ծանր հրետանուն, ֊ մրթմրթաց քթի տակ Արմանը, գետնից վերցրեց Սողոմոն աղայի զմրուխտե թզբեխը ու վազքով թռավ բնակարանից։ Դուրս գալուց դուռը կողպեց, ծանր բանալին քցեց գրպանը ու դխքդխքալով իջավ աստիճաններով։

Ֆլոյդը ականջներին՝ Արմանը դանդաղ քայլում էր Աբովյանով։ Առաջին սարսափի ալիքը հետ քաշվեց։ Հիմա պետք էր դանդաղ, առանց շտապելու հաշվարկել քայլերը։

«And I am not frightened of dying, any time will do, I don't mind.
Why should I be frightened of dying?»

« Գործի մեջ հզոր ուժեր են խառնվել։ Փառչակ դերվիշները հազար տարվա իֆրիտին փալասի պես տնից չէին տանի․․․»

There's no reason for it, you've gotta go sometime."
«If you can hear this whispering you are dying."
"I never said I was frightened of dying.»

«Աղջիկ ջան, ղժղժոցներդ խանգարում են մտածել, ֊ Արմանը փոխեց ալբոմը, ֊ լեթ դեըր բի մոոո լայթ, բեյբ»։

Արմանը մտավ Անի հյուրանոց, բարձրացավ բիզնես հարկը։

«Oh, my, something in my eye, eye
Something in the sky, sky
Waiting there for me․»

Օֆիսի դռանը, որին զգույշ քայլերով մոտեցավ Բզնունցը, պահելով ականջակալները, պղնձի վրա սեւով գրված էր․ «Ժուկ & Ժամանակ քորփորեյշն»։ Մի քանի ակընթարթ հապաղեց, մտքերով հավաքվեց, հետո դուռը թակեց ու դանդաղ բացեց։

3 comments:

  1. Կատաստրոֆիկ լավն ա :Դ Մի շնչով կարդացվեց, բայց էլի ա ուզվցվում :ՃՃ

    ReplyDelete
  2. Շատ հետաքրքիր ա :Ճ, բայց սպասում եմ վերջին

    ReplyDelete